Այս համաձայնագրի վավերացումից հետո TRIPP-ի գործարկման համար կմնա կատարել ևս 1-2 փաստաթղթային քայլ․ Միրզոյան
Սա ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության մի նոր՝ երբևէ չունեցած մակարդակ է: Հասկանալի է, որ ԱՄՆ-ն այստեղ ունենալու է իր էական մասնակցությունը և հետապնդելու է իր տնտեսական շահերը: Այս մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով «ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը:
Սա համաձայնագիր է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև, որի նպատակն է կանոնակարգել TRIPP ընկերության գործունեությունը և դրա հետագա կառավարումը: Սա այն ընկերությունն է, որը հետագայում կառուցելու և կառավարելու է նախագիծը, ստանալու է կոնցեսիոն իրավունքներ:
Այս համաձայնագրի վավերացումից հետո մեզ կմնա կատարել ևս 1-2 փաստաթղթային քայլ, այսինքն՝ մենք պետք է ստորագրենք բաժնետերերի պայմանագիրը, պետք է հաստատենք ընկերության կանոնադրությունը, և թերևս այսքանով TRIPP-ի գործարկման համար անհրաժեշտ հիմնարար փաստաթղթային քայլերը կատարված կլինեն: Այս համաձայնագրի նպատակն է նաև կանոնակարգել այդ հարցերը»,-ասել է նա:
Նա հավելել է, որ որևէ ենթակառուցվածք, որը գործելու է, և որևէ հարաբերություն, որը հաստատվելու է, ամբողջությամբ և մանրամասնորեն տեղի է ունենալու մի քանի հիմնարար սկզբունքների հիման վրա կամ դրանց ներքո՝ դրանց շրջանակներում:
«Այդ սկզբունքները բոլորիդ հայտնի են՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն մեր տարածքում գտնվող ենթակառուցվածքների մասով, բնականաբար, ՀՀ իրավազորությունը՝ բացարձակ իրավազորություն»,- ասաց նա՝ միաժամանակ տեղեկացնելով, որ փաստաթղթում 8 անգամ գործածվում է «ինքնիշխանություն» բառը:
Հիշեցնենք, որ այսօր Ազգային Ժողովում մեկնարկել են TRIPP նախագծի շուրջ քննարկումները:










