Գազի թանկացումը անելանելի իրավիճակ չի ստեղծի Հայաստանի համար․ Պապոյան
Գազի գնի փոփոխությունը կարող է 5-7% կամ ավելի ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Հայաստանի վերաբերյալ ԵԱՏՄ զեկույցին։
Նա գազի հնարավոր թանկացումն անցանկալի է որակել։
«Ընդ որում՝ դրա արդյունքում որևէ անելանելի իրավիճակ չի ստեղծվի, որից ելք չկարողանանք գտնել։ Բայց դա խիստ անցանկալի է։ Մատակարարվող գազի գնային տարբերության համար մենք այսպես թե այնպես վճարել ենք կամ վճարում ենք։ Գազի գնի բարձրացումը ցանկալի չէ, սակայն կարծում եմ, որ ժամանակի ընթացքում շուկայական գներով գազ գնելը պետք է տրամաբանական դառնա։ Հարմարվելու միջոցով մենք պետք է հասնենք այդ կետին:
Մենք պետք է մտածենք ամեն ինչ շուկայական գներով ձեռք բերելու մասին։ Եթե որևէ բան շուկայական գնով չենք գնում, ապա ինչ-որ կերպ միևնույն է վճարում ենք դրա համար, քանի որ ոչ մի երկիր մեզ հենց այնպես որևէ բան էժան չի վաճառի»,— ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ 2009 թվականի տնտեսական անկումն ու դրա բացասական հետևանքները տնտեսության համար շատ ավելի ծանր էին, քան կարող է լինել գազի թանկացման սցենարը։ Պապոյանի գնահատմամբ՝ այն ժամանակ (2009 թվականին – խմբ.) անկումը կազմել էր 15%։











