iMessage համակարգի միջոցով ՆԳՆ և Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում

15:28 • 09.11.26

Քաղաքացիները շարունակում են iMessage համակարգի միջոցով ստանալ ՀՀ ՆԳՆ և Ճանապարհային ոստիկանության անունից ուղարկվող կեղծ հաղորդագրություններ։ Հայտնում են ՆԳՆ-ից:

«Հաղորդագրություններն ուղարկվում են հիմնականում օտարերկրյա հեռախոսահամարներից և պարունակում են պաշտոնական կայքերին նմանակող կեղծ հղումներ։

Դրանց միջոցով զեղծարարները փորձում են ձեռք բերել քաղաքացիների անձնական և բանկային տվյալները՝ ֆինանսական միջոցներ հափշտակելու նպատակով։

Կրկին հիշեցնում ենք՝ նման հաղորդագրություններ ստանալու դեպքում անհրաժեշտ է պահպանել անվտանգության հետևյալ կանոնները․

• Մի՛ բացեք նման հաղորդագրություններում առկա հղումները։

• Մի՛ տրամադրեք անձնական և բանկային տվյալներ։

• Տեղեկության իսկությունը ստուգեք միայն պետական մարմինների պաշտոնական աղբյուրներից։

• Արգելափակեք ուղարկողի հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն և նշեք հաղորդագրությունը որպես անցանկալի (Spam/Junk)։

• Եթե արդեն տրամադրել եք բանկային տվյալներ, անհապաղ կապ հաստատեք Ձեր բանկի հետ և տեղեկացրեք ոստիկանությանը։

Հիշե՛ք․ պետական մարմնի անունից ուղարկված հաղորդագրությունը դեռ չի նշանակում, որ այն պաշտոնական է։ Մի՛ վստահեք կասկածելի հղումներին և մի՛ փոխանցեք Ձեր անձնական տվյալները»,- նշված է հաղորդագրության մեջ։