Բալեկյանին հրավիրել ենք հավաքական, սակայն ինքը չի ուզել միանալ․ Եղիշե Մելիքյան
Վաղը՝ նոյեմբերի 12-ին, ժամը 21:00-ին, Հայաստանի ազգային հավաքականը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի նախավերջին տուրի շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Կիպրոսի ընտրանուն։
Խաղից առաջ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հանդես է եկել նախախաղային ասուլիսով և պատասխանել լրագրողների հարցերին։
– Պարո՛ն Մելիքյան, դուք ձեր ակումբային կարիերայում միշտ ասում էիք, որ խաղադաշտում հանդիպում անցկացնելուց հետո ավելի լավ եք ճանաչում մրցակցին։ Արդեն մեկ խաղ անցկացրել եք Կիպրոսի հետ, ի՞նչ կասեք մրցակցի մասին։
«Այո՛, ավելի հեշտ է ճանաչել, երբ խաղում ես մեկ անգամ, և կարող ես հասկանալ ուժեղ ու թույլ կողմերը։ Լավ վերլուծել ենք մրցակցին, գիտենք, որ անհաջող խաղ ենք ունեցել իրենց դեմ, և ինչի հաշվին են կարողացել հաջողության հասնել։ Հուսով եմ՝ վաղը կկարողանանք այդ ուժեղ կողմերը փակել։ Շատ ենք աշխատել այս օրերին ու կփորձենք մենք իրենց խնդիրներ ստեղծել»։
– Առաջին տեղ գրավելու առումով, ցավոք սրտի, հավաքականն այժմ չունի խնդիր լուծելու։ Ի՞նչ խնդիր եք դրել Ձեր առջև առաջիկա երկու հանդիպումներում։
«Մեր խնդիրն այն է, որ պետք է երկու խաղը հաղթենք, դա է մեր ցանկությունը, դրան ենք մենք գնում։ Որքանով կստացվի՝ խաղերը ցույց կտան, բայց մենք այդպես ենք տրամադրված։ Երկու խաղից հետո արդեն կմտածենք՝ ինչպես պետք է շարժվել։ Մեր նպատակն այս երկու խաղը հաղթելն է։ Դուք վաղը կտեսնեք մի թիմ, ինչի մասին ես երկար ժամանակ խոսել եմ՝ սերնդափոխության մասին։ Եվ վաղը կտեսնեք (ես չեմ հիշում նման բան)՝ մեր հավաքականում մինչև 23 տարեկան դաշտում լինելու է 8 հոգի։ Կարող է, այո՛, եղած լինել շատ տարիներ առաջ, բայց մոտակա տարիներին նման բան չի եղել։ Եվ կտեսնեք երիտասարդ թիմ՝ 8 հոգի մինչև 23 տարեկան, 2 հոգի՝ մինչև 27 տարեկան, և 30 տարեկան ֆուտբոլիստ չի լինելու դաշտում։ Ես գնում եմ այդ ճանապարհով, այո՛, հստակ գիտեմ՝ ուր եմ գնում իմ թիմի հետ։ Աստված տա՝ հաղթենք, մեզ դա շատ է պետք, դրա կարիքը մենք շատ ունենք, բայց ամեն դեպքում, ինչպես էլ լինի այս երկու խաղերում, մենք, միևնույն է, վստահ ենք, որ ճիշտ ճանապարհի վրա ենք։ Մենք գիտենք մեր խնդիրները, մենք գիտենք, թե ինչ կորուստներ ունենք, բայց մենք չենք ուզում այդ մասին շեշտել և խոսել»։
– Վերջերս դարպասապահների մարզիչը խոսել էր դարպասապահներին հնարավորություն տալու մասին և օրինակ էր բերել Ռոման Բերեզովսկուն: Եթե ունենաք ակնհայտ առաջին համար, միշտ նրան չե՞ք օգտագործելու։
«Ես չեմ որոշում դարպասապահների հարցը. մենք ունենք դարպասապահների գլխավոր մարզիչ, որն էլ որոշում է փիլիսոփայությունը։ Ես միայն կարող եմ ասել իմ կարծիքը։ Եթե ունենայինք Ռոման Բերեզովսկուն, գուցե նա խաղար 70 տոկոսը, բայց մնացած 30 տոկոսը կօգտագործեինք երկրորդ և երրորդ դարպասապահներին պատրաստելու համար։ Այդ փիլիսոփայությունը ճիշտ է»։
– Անցած հավաքի ժամանակ նշեցիք, որ Արթուր Միրանյանը դեռևս պատրաստ չէր 90 րոպե խաղալու։ Հետաքրքիր է՝ հիմա նա և Հրանտ-Լեոն Ռանոսն ի՞նչ մարզավիճակում են։
«Հարձակվող Արթուր Ղարիբյանը պատրաստ է, ունի խաղային պրակտիկա։ Միրանյանն ու Ռանոսը խաղաժամանակի խնդիրներով են եկել։ Ունենք 8 վնասվածքով ֆուտբոլիստ, բայց դա մեզ չի կոտրում. ունենք թիմային ոգի և տրամադրված ենք խնդիրները մի կողմ դնել»։
– Շատ է քննարկվում նաև Թոմաս Ադորյանի չհրավիրվելու հարցը։ Արդյո՞ք անձնագրի, թե՞ ճանապարհի խնդիր կա։ Ինչո՞ւ չի գալիս նաև Բալեկյանը։
«Արգենտինացիների հետ միշտ եղել է այդ խնդիրը, քանի որ նրանք մեզ միանում են խաղից ընդամենը երեք օր առաջ: Ադորյանն ինձ համար լավ ֆուտբոլիստ է, բայց հաշվի ենք առնում օրերի կորուստն ու ադապտացիան (կլիմայի, ժամային գոտու)։ Որոշեցինք նրա փոխարեն հրավիրել արդեն ադապտացված տեղի ֆուտբոլիստների։ Բայց նա լայն ցուցակում է, հնարավոր է գարնանը նրան հրավիրենք։
Իսկ Բալեկյանի հետ կապված՝ մենք նրան հրավիրել ենք, սակայն նա չի ուզել գալ։ Երևի Լուկաս (Սելարայանի) չգալու համար։ Դա իրենց խնդիրն է. ընկերովի եկել են հավաքական, ընկերովի գնացել են»։
– Երեկ հայտնի դարձավ, որ Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում։ Ի՞նչ կասեք նրա խաղային և մարդկային որակների մասին։
«Շատ ենք հավանում նրա խաղը և ուզում ենք տեսնել ազգային հավաքականում։ Ես անձամբ խնդրել էի Յուրա Մովսիսյանին, որ հանդիպեր նրա հետ։ Յուրան գնացել, հանդիպել է նրա ընտանիքի հետ և տեսազանգով խոսել ենք: Ուրախ եմ, որ նա տրամադրված է, հայրենասեր է և ուզում է մեզ օգնել։ Գարնանը նրան կտեսնենք հավաքականում»։
– Եթե կարելի է՝ երկու նախադասությամբ նշեք՝ ե՞րբ սպասենք հավաքականից լավ, կայուն արդյունք։
«Երբ ես ընդունեցի «Փյունիկը», տարիուկես հետո միայն արդյունք տվեցի՝ ամենօրյա ռեժիմով աշխատելով։ Հավաքականում ամենօրյա ռեժիմ չկա, բայց վստահ եմ, որ ճիշտ ուղու վրա ենք։ Մենք դեռ կայուն հաղթող հավաքական չունենք. կառուցողական փուլում ենք և երիտասարդ թիմ ենք ստեղծում։ Դա երկար աշխատանք է պահանջում, բայց հետևելով մեր պայքարին ու նվիրվածությանը, դուք կտեսնեք առաջընթացը»։
– Այս երկու հանդիպումով ավարտին է մոտենում Ձեր պայմանագիրը։ Ֆեդերացիայի նախագահի ընտրությունն արդյո՞ք կարող է ազդել պայմանագրի վերակնքման վրա։
«Ես շատ երկար պայմանագիր եմ կնքել: Ինձ համար ֆեդերացիայի նոր նախագահի ընտրությունները նշանակություն չունեն: Ով էլ ընտրվի, մեծ սիրով կաշխատեմ նրա հետ. ես որևէ թեկնածուի հանդեպ նեգատիվ չեմ զգում»։
– Ինչպե՞ս եք պատրաստվում փակել Էդուարդ Սպերցյանի դիրքը։
«Նրա դիրքը փակելը շատ դժվար կլինի, գրեթե անհնար, բայց տակտիկական փոփոխություններ ենք արել։ Խաղը ցույց կտա, թե դրանից ինչ կստանանք»:
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի C2 խմբի նախավերջին՝ 5-րդ տուրի Հայաստան — Կիպրոս հանդիպումը կկայանա վաղը՝ նոյեմբերի 12-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Խաղը կմեկնարկի ժամը 21:00-ին։ Խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի նոյեմբերի 15-ին՝ հյուրընկալվելով Լատվիայի հավաքականին։














