Վեհափառն ու Արգենտինայի պատվիրակությունը քննարկել են երկու երկրների միջև գործարար կապերի ընդլայնման ու ներդրումների հնարավորությունները
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արգենտինայից ժամանած պատվիրակությանը: Հայտնել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Նոյեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արգենտինայի Կորդոբա նահանգից ժամանած պատվիրակությանը, որի կազմում էին գործարար միությունների և ընկերությունների հայ և արգենտինացի ներկայացուցիչներ։
Հանդիպմանը պատվիրակության անդամները նշեցին, որ Հայաստան են ժամանել հայաստանյան գործընկերների հետ քննարկելու գործարար կապերի ընդլայնման ու ներդրումների հնարավորությունները և զարգացնելու երկու երկրների տնտեսական համագործակցությունը։
Ողջունելով պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Վեհափառ Հայրապետն անդրադարձավ հայ և արգենտինացի ժողովուրդների ջերմ հարաբերություններին և գնահատանքով հիշատակեց դժվարին օրերին հայ ժողովրդին Արգենտինայի ցուցաբերած զորակցությունը։ Հայոց Հայրապետը կարևորեց արգենտինահայ համայնքի, ինչպես և Կորդոբայի հայության դերը երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով, որ համայնքն իր եկեղեցական ու մշակութային կյանքով պահպանում է կապը հայրենիքի հետ և նպաստում բարեկամ ժողովուրդների փոխճանաչողությանը։
Նորին Սրբությունն իր օրհնությունը բերեց պատվիրակության անդամներին և հաջողություններ ու բարի արդյունավորում մաղթեց նրանց ծրագրերին և նախաձեռնություններին՝ ի խնդիր հայ և արգենտինացի ժողովուրդների հարաբերությունների առավել ամրապնդման ու արդյունավորման։










