Հայ ռեժիսորի ֆիլմը՝ Glendale international film festival 2016-ին նոմինացվել է երեք անվանակարգերում
Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ն արդեն երրորդ անգամ անցկացվում է «Glendale international film festival 2016», հեղինակավոր կինոփառատոնը, որը ներկայանալու հնարավորություն է ընձեռում բազմաթիվ ազգերի ստեղծագործողների համար:
Այս տարվա փառատոնին մասնակցում են նաև երեք հայ կինոռեժիսորներ, որոնցից մեկը Լիա Քոչարյանն է: Կինոարտադրության մեջ նոր քայլեր սկսող Լիան ներկայացրել է իր թվով երկրորդ «Կարմիր ծաղիկ մը գարունի» կարճամետրաժ ֆիլմը: Սցենարի հիմքում ընկած է ընկերության, հայրենասիրության և սիրո գաղափարը:

«Փառատոնի մասին բնականաբար տեղյակ էի և որոշեցի մասնակցության հայտ ուղարկել: Իրականում հույս չունեի, որ ֆիլմս որևէ նոմինացիայում կընդգրկվի, սակայն ինձ անակնկալ էր սպասվում: Զանգահարեցին և ասացին, որ ֆիլմս ցուցադրվելու է փառատոնի շրջանակներում և միանգամից ներկայացվել է երեք անվանակարգերում՝ Լավագույն միջազգային կարճամետրաժ ֆիլմ, Լավագույն ռեժիսոր և Լավագույն դերասանուհի»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Լիան:

Ցուցադրությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 2–ին է և ռեժիսորի փոխանցմամբ մեծ արձագանք է ստացել: «Կարմիր ծաղիկ մը գարունի» կարճամետրաժ ֆիլմ է, որը նկարահանվել է 2014 թ Երևանում, իսկ «Glendale international film festival 2016»-ից առաջ ֆիլմը 2015 թվականին մասնակցել է «Արտ Ֆեստ» միջազգային երիտասարդական բաց կինոփառատոնին:
Փառատոնի արդյունքների մասին ռեժիսորին կտեղեկացնեն վաղը, սակայն Լիան նշում է, որ եթե անգամ որևէ մրցանակ չստանա ֆիլմը, մասնակցությունն այս դեպքում արդեն իսկ բավարար է:

Նյութը՝ Անահիտ Կասամանյանի







