«Հանրությունը կբացահայտի նոր Լիլի Մորտո». Women's Club նախագծի մանրամասներն ու առաջին թողարկման քաղաքական շեշտադրումը
Արդիական թեմաներն ու տարատեսակ իրավիճակները կանանց աչքերով և մեկնաբանությամբ՝ հումորային շեշտադրմամբ. հոկտեմբերի 13-ից «Շանթ» հեռուստաընկերության եթերում մեկնարկում է Vitamin Production-ի նոր՝ Women's Club նախագիծը: Նախագծի պրոդյուսեր Վլադիմիր Սահակյանն առաջին մանրամասները վստահել է Tert.am Life-ին։
Պրոդյուսերի խոսքով, առաջին հայացքից Women's Club-ը «Վիտամին» ակումբի կանացի տարբերակն է: Թեև ակումբի հայտնի տղաները նույնպես հանդես են գալիս նախագծում, առաջին պլանում կանայք են: Լիլի Մորտոն, Զառա Սահակյանը, Թամարա Պետրոսյանը, Անահիտ Կիրակոսյանը, Սոնա Մաթևոսյանը, Մաշա Մատվեևան ամեն շաբաթ կներկայանան տարբեր կերպարներով և հումորային բազմապիսի իրավիճակներ կներկայացնեն: Նրանց այդ գործում կօգնեն ակումբի տղաները՝ Գոռը, Պոնչը, Գրիգը և թիմին նոր միացած Վահե Զիրոյանը:
«Նախագիծը մի կողմից «Վիտամին» ակումբի կանանց տարբերակն է, մյուս կողմից, մեզ հայտնի Comedy Women ֆորմատի: Կարելի է ասել, այդ երկուսի միջև գտնվող և յուրաքանչյուրից ինչ-որ տարրեր պարունակող ձևաչափ է: Այստեղ նույնպես կանայք մղված են առաջին պլան: Տարբերությունն այն է, որ եթե տղաների դեպքում, օրինակ, Արմուշը կամ Վաչեն կարող էին խաղալ նաև կանանց դերեր, աղջիկները տղայի դեր չեն կարող տանել: Դրանով է պայմանավորված նաև տղաների մասնակցությունը»,- ասաց պրոդյուսերը:

Տևական դադարից հետո եթեր է վերադառնում նաև Չարենցը՝ Կարեն Սահակյանը: Նա և Լուիզա Ներսիսյանը նախագծի հաղորդավարներն են. «Կին-տղամարդ և՛ կոնֆլիկտային իրավիճակները, և՛ տեսակետների տարբերությունները փորձելու ենք ներկայացնել հաղորդավարների միջոցով: Նրանք ուղղակի գծային հաղորդավարներ չեն լինելու»:
Նախագծում պրոֆեսիոնալ դերասանուհիների կողքին իր առաջին դերասանական քայլերն է անելու համարձակ կերպարներով հայտնի Լիլի Մորտոն: Թե ինչ ձևաչափում կտեսնի նրան հեռուստադիտողը, որքանով կստացվի ներկայանալ հումորային ժանրում, նախագծի պրոդյուսերը նախընտրեց թողնել հեռուստադիտողների դատին. «Ես վստահ եմ, որ առաջիկա մեկ–երկու եթերից հետո հանրությունը կբացահայտի նոր Լիլի Մորտոյի, մի փոքր այլ տեսանկյունից կարծիք կձևավորի և դրականորեն կզարմանա,-ասաց նա և ավելացրեց, որ Լիլիի համարձակ կերպարն օգտագործվելու է նաև նախագծի շրջանակում,- բնականաբար, օգտագործվելու է իր կերպարը, բայց հաշվի առնելով հեռուստատեսային սահմանափակումները: Համացանցային ազատությունն ուրիշ է, հեռուստատեսային ֆորմատն այլ է, բայց այդ ակցենտը լինելու է»:
Վլադիմիրը նշեց, որ ի տարբերություն «Վիտամին» ակումբի, Women's Club-ում հայտնի հյուրերի հետ հումորային հարցուպատասխան չի լինելու: Նրանք պարզապես հանդիսատես են լինելու: Անդրադառնալով թեմաների ընտրությանը, նա նկատեց, որ իրենց դիտակետում լինելու են ինչպես քաղաքական վերջին զարգացումները, այնպես էլ մեր իրականության արդիական այլ թեմաները:

Վլադիմիրը նշեց, որ ի տարբերություն «Վիտամին» ակումբի, Women's Club-ում հայտնի հյուրերի հետ հումորային հարցուպատասխան չի լինելու: Նրանք պարզապես հանդիսատես են լինելու: Անդրադառնալով թեմաների ընտրությանը, նա նկատեց, որ իրենց դիտակետում լինելու են ինչպես քաղաքական վերջին զարգացումները, այնպես էլ մեր իրականության արդիական այլ թեմաները:
«Հիմա դաշտն այնքան մեծ է, որ առաջիկա մի քանի եթերաշրջանում խնդիր չունենք մտածելու, թե ինչ թեմայի անդրադառնանք: Թեմաների սղության խնդիր չունենք, որովհետև սա Հայաստանում իր տեսակով նորություն է, մի նոր հարթություն, որտեղ կարելի է անդադար ստեղծագործել: Նախագիծը հատուկ քաղաքական ուղղվածություն չի ունենա, բայց անդրադարձ կլինի մեր այսօրվա իրականության մեջ կատարվող իրադարձություններին` կանանց տեսանկյունից: Նույնիսկ առաջին թողարկման մեջ կա մի քաղաքական համար, որում գործող և նախկին վարչապետները երկրորդական դեր են կատարում և առաջին պլանում կանայք են»,-ասաց նա:
Պրոդյուսերի կարծիքով նոր ձևաչափը կսիրվի հեռուստադիտողների կողմից: Նա նշեց՝ մտավախություն չունեն, որ նախագիծը կնույնացնեն հայտնի Comedy Women նախագծի հետ «Նոր հեծանիվ չենք հնարել, պարզապես փորձել ենք այս ժամանակահատվածում այդ ֆորմատը ներկայացնել նաև Հայաստանում։ Կարծում եմ` մեզ մոտ կստացվի: Ամեն դեպքում հանդիսատեսը նկարահանումից հետո շատ գոհ էր, լավ կարծիքներ ենք լսել: Համոզված եմ, որ հեռուստադիտողն էլ եթերում տեսնելուց հետո նման կարծիք կհայտնի»,- եզրափակեց նա:













