«Այդ շրջանում աշխարհն ինձ մոտ փուլ էր եկել»․ Սիմա Բաղդասարյան
Հաղորդավարուհի Սիմա Բաղդասարյանի համար այսօր կրկնակի տոն է։ Նա և ամուսինը՝ Վակա Սաֆարյանը, ութ տարի առաջ իրենց ռոմանտիկ հարաբերությունների մեկնարկը տվել են մայիսի 9-ին։
Tert.am Life-ի հետ զրույցում Սիման խոսել է իրենց ընտանիքի ամրության, հազվադեպ վեճերի ու երջանկության բանաձևի մասին։
Հաղորդավարուհին ժպիտով ասաց, որ մինչև սիրային հարաբերություններ սկսելն ինքն ու ամուսինը ընկերներ են եղել․ «Ընկերական նույն շրջապատից էինք։ Այսքան տարի անց, իսկապես մեր ամուր ընտանիքի հիմքը հենց մեր ընկերական հարաբերություններն են։ Իհարկե, շատ մեծ սեր եղել է ու կա, նույն կիրքն է, սիրահարվածությունը, որը երբեմն-երբեմն իր գեղեցիկ արտահայտումն է ունենում: Լինում են դրվագներ, երբ դու ամուսնուդ սիրահարվում ես այնպես, ինչպես սկզբանակն շրջանում։ Չեմ կարող ասել՝ ընդմիշտ այդպես սիրահարված ենք, կենցաղն էլ է առաջ ընկնում։ Անկախ այս ամենից, ըստ իս, հիմքում ընկերությունն է, որովհետև ես ու ամուսինս առաջնահերթ ընկերներ ենք»։

Ընտանեկան հարաբերություններում Սիման կարևորում է փոխզիջումն ու հարգանքը․ «Մեր ընտանիքում փոխզիջումը շատ մեծ տեղ ունի։ Կան պահեր, երբ դու պետք է խելացի գտնվես և որքան էլ գիտակցես, որ ճիշտ ես այդ հարցում, ուղղակի զիջես։ Պետք չէ հարցերը խորացնել ու բարդացնել, որովհետև երբ թեժ պահն անցնում է, սկսում եք ավելի սառը դատել։ Հարգանքը ևս շատ կարևոր է, դա ուղղակի խոսք չէ, որ ասենք ու գնա։ Դա իսկապես պետք է լինի։ Զույգն իրար պետք է հավասարապես հարգի։ Մեր ընտանիքում դա կա , ինչի համար շատ ուրախ եմ»։
Թե ինչը կարող է նրանց ընտանիքում վեճի պատճառ դառնալ, Հաղորդավարուհին պատասխանեց․ «Ես և ամուսինս շատ հազվադեպ ենք վիճում և, ի դեպ, վեճեր ձեռնարկողն ավելի հաճախ ես եմ լինում։ Ես էմոցիոնալ մարդ եմ, իսկ ամուսինս բավականին հանգիստ է։ Նա արդեն գիտի, որ ինձ մոտ բռնկումներ կարող են լինել։ Հենց ես սկսում եմ փորձել ինչ-որ հարցեր պարզել կամ կռվել, ինքն ուղղակի աշխատում է ուշադրություն չդառձնել։ Հենց իմ էմոցիաներն անցնում են, ծիծաղս գալիս է։ Մեզ մոտ այդ ամենը տևում է ընդամենը տասը րոպե՝ ոչ ավել։ Երբեք որևէ խնդիր չենք բարդացնում»։

Սիմայի դուստրը՝ Վիկտորյան, մեկ տարեկան է։ Հարցին՝ թե դստեր ծնունդն ու առհասարակ տարիներն ինչպես են անդրադարձել ամուսնու հետ հարաբերությունների և ընտանիքի վրա՝ Սիման պատասխանեց․ «Մեր հարաբերությունները չեն փոխվել այս ընթացքում, բալիկի ծննդից հետո ևս այդ փոփոխությունը տեղի չի ունեցել։ Մեր բալիկը բավականին ուշ ծնվեց, շատ-շատ էինք սպասում նրան։ Հիմա երկուսս էլ հավասարապես հոգ ենք տանում փոքրիկի մասին։ Երբ արդեն հաղթահարել եմ հետծննդաբերական դեպրեսիան, հետ եմ նայում ու հասկանում, որ ամուսնուս շատ եմ մեղադրել անգամ ամենափոքր հարցերում։ Ծիծաղով եմ հիշում այդ ամենը, որովհետև իսկապես մանրուքներ են եղել։ Ես բախվեցի խնդիրների, որոնք ինձ անծանոթ էին։ Ամեն հարցում օգնությունը փորձում էի ամուսնուս մեջ փնտրել, երբ ինքն ինչ-որ հարցերում չէր հասցնում, միանգամից սկսում էի մեղադրել։ Այդ շրջանում աշխարհն ինձ մոտ փուլ էր եկել, բայց ամեն ինչ արդեն անցյալում է»։








