«Ֆիլմը մարդկանց, իշխանության և այն ամենի մասին է, ինչ իշխանությունը կարող է անել մարդկանց հետ». Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմն ու դերասանական կազմի ընտրությունը

14:14 • 14.04.21

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի նոր՝ «Իշխանություն» կոչվող ֆիլմը ապրիլի 16-ին կբարձրանա մեծ էկրաններ: Ֆիլմի սցենարի հեղինակը Մհեր Մկրտչյանն է, այն մեր երկրի մասին քաղաքական դրամա է, որտեղ պատկերված է մեր ապրած վերջին երեք տարին՝ հեղափոխությունից մինչև պատերազմ:

Tert.am Life-ի հետ զրույցում ռեժիսորն ասաց, որ ֆիլմի սցենարի վրա սկսել է աշխատել 2019 թվականի վերջից, իսկ 2020 թվականի գարնանը մտել են արտադրական փուլ:

«Նկարահանումները սկսել ենք հունիսից, բայց համավարակով, պատերազմով պայմանավորված դադարներ ունեցանք, նկարահանումներն ավարտեցինք այս տարվա հունվարին: Ֆիլմը մարդկանց, իշխանության և այն ամենի մասին է, ինչ իշխանությունը կարող է անել մարդկանց հետ: Ի՞նչ է լինում մարդու հետ մինչև իշխանություն ստանալն ու դրանից հետո, արդյո՞ք իշխանությունը կարող է փոխել մարդկանց, թե՞ ինչ-որ մեկը դիմանում է, ինչ-որ մեկը՝ ոչ: Կան ինձ հետաքրքրող բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները փորձել եմ տալ ինձ ու հանդիսատեսի համար: Ես ինձ համար գտել եմ այդ պատասխանները, վստահ եմ, որ ամեն ինչ կախված է մարդու տեսակից, թե ինչից է նա կազմված և ինչ արժեքներ ունի: Ինչ-որ մեկը կարող է մնալ նույնը, ինչ-որ մեկը, անպայման, կոտրվել: Ես փորձել եմ, թե որքանով է ստացվել, կդատի հանդիսատեսը։ Կարծում եմ, շատերս վերհիշելով մեզ տվյալ իրավիճակների մեջ, կվերապրենք դրանք ու, միգուցե, այլ կերպ նայենք շատ հարցերի»,- ասաց նա:

Ֆիլմում նկարահանվել են Անի Ղազարյանը, Սերգեյ Շակուրովը, Շանթ Հովհաննիսյանը, Սարգիս Գրիգորյանը, Մարջան Ավետիսյանը, Լևս Դավթյանը, Ռոզի Ավետիսովան, Ժաննա Վելիցյանը և այլք:

Ռեժիսորը կարծում է՝ իրարից տարբերվող դերասաններ են հավաքվել ֆիլմի շուրջ:

«Հետաքրքիր կազմ է, ամեն մեկն իր գույներն ու էներգետիկան ունի: Հաճախ այնպես է լինում, որ կադրում բոլոր դերասանները միմյանց նման են լինում, այս դեպքում շատ տարբեր են: Որպես ռեժիսոր երջանիկ եմ, որ ունեցել եմ նման դերասանական կազմ, նրանց հետ աշխատելը մեծ հաճույք էր: Մինչև տեսարանը նկարահանելը երկար խոսել ենք, որպեսզի դերասանը պատրաստ մտնի նկարահանման հրապարակ: Ռեժիսորական երկու մոտեցում կա. կան ռեժիսորներ, ովքեր տեսարանը ցույց տալու տաղանդ ունեն, ցավոք սրտի, ես այդ տաղանդը չունեմ, ինձ ավելի հոգեհարազատ է նրանց հետ զրուցելը, որպեսզի դերասանների համար փակ հարցեր չմնան»,- նշեց նա:

Մհեր Մկրտչյանը պատմեց, որ դերասաններից Սարգիս Գրիգորյանի, Մարջան Ավետիսյանի, Ռոզի Ավետիսովայի, Ժաննա Վելիցյանի հետ աշխատել է առաջին անգամ: «Նրանց հետ աշխատելը շատ հետաքրքիր էր, աշխատելուց հետո ինքդ քեզ հարցնում ես՝ նման դերասանի կամ դերասանուհու հետ ինչո՞ւ նախկինում չես աշխատել, որտե՞ղ են եղել աչքերդ, ինչպե՞ս չես նկատել նրանց»,- ընդգծեց ռեժիսորը:

Նա ասաց, որ մի կողմից ուզում է ինտրիգով լի ինչ-որ բան ասել, որպեսզի հանդիսատեսին հետաքրքիր լինի գնալ կինոթատրոն, մյուս կողմից փորձում է զգույշ լինել գնահատականների մեջ, երբ դա վերաբերում է իր արած գործին. «Ինքս ինձ չեմ գովաբանում: Ես միջանկյալ սերունդ եմ, որը բախտ է ունեցել տեսնել ավագ սերնդի ներկայացուցիչներին, իսկ նրանք զգուշացնում էին՝ մինչև հանդիսատեսը չդիտի ֆիլմն ու իր գնահատականը չտա, ինքդ գնահատական մի տուր: Ամեն դեպքում, մեծ հույս ունեմ, որ հանդիսատեսին հետաքրքիր կլինի: Այն էներգետիկան, որի մեջ բոլորս այսօր գտնվում ենք, մի կողմից քաղաքականացված է, մյուս կողմից հոգսաշատ: Շատերի մոտ այնպիսի իրավավիճակ է, երբ ոչնչի համար տրամադրություն չունեն, բայց ինձ ուրախացնում է այն փաստը, որ այս պահին պրեմիերայի օրվա համար տոմսեր գրեթե չկան»:

«Ֆիլմը մարդկանց, իշխանության և այն ամենի մասին է, ինչ իշխանությունը կարող է անել մարդկանց հետ». Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմն ու դերասանական կազմի ընտրությունը