«Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին
Հայաստանում հայտնի ու հասանելի լինելու բարդության, ինստագրամյան անթերի կոնտենտի երևում թաքնված իրականության, ընտանեկան կոնֆլիկտների, «Մեծ խաղեր» նոր նախագծի, Հումորի լիգայի և Վահեի հետ հարաբերությունների, պարտությունները ցույց չտալու, ինչպես նաև Տիգրանի լույս աշխարհ գալուց առաջ բազում հաղթահարած դժվարությունների մասին պրոդյուսեր, շոումեն Արամ Մելիքյանն անկեղծացել է Tert.am Life-ի հետ:
Ինստագրամում մեծ լսարանի սերը վայելող Մելիքյանների ընտանիքը, երբ սկսեց ներկայացնել իր ընտանեկան կոնտենտը, հիմնական նպատակն էր ցույց տալ ընտանիքի արժեքը:
«Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը: Դա է պատճառը, որ, եթե անգամ լինի քննադատություն, դրանից շատ չեմ լարվի»,- մեզ հետ զրույցում նշեց Արամ Մելիքյանն ու վստահեցրեց, որ այն, ինչ տեսնում են հետևորդները՝ իրական է:
«Այն ինչ կատարվում է մեր տանը ռեալիթի է, ուղղակի կան բաներ, որ ցույց չենք տալիս: Մեզ մոտ էլ են լինում ընտանեկան կոնֆլիկտներ կամ քննարկումներ, որոնք պարզապես չեն նկարվում, շատ օգտակար կլիներ, եթե կողքից դիտեին, բայց տեսախցիկը դա չի ֆիքսում:
Ինձ մոտ միտք եղել է ամեն ինչը ռեալիթի անել, բայց այդ դեպքում տան մեջ պետք է տեսախցիկներ տեղադրեինք, բայց դա կսահմանափակեր ընտանիքի անդամների ազատությունը: Դրան մենք պատրաստ չէինք: Գուցե մի օր կգանք դրան»,- նշեց մեր զրուցակիցը:
Արամի խոսքով՝ ցույց չեն տալիս անձնական ու կենցաղային կոնֆլիկտները, առանց որոնց կյանք չկա:
«Ես շատ կուզեի մենք դրանք ջրի երես դուրս բերեինք, որովհետև ամեն ընտանքիում կան այդ կոնֆլիկտները, ու մենք ցույց տայինք, որ կա կոնֆլիտկ, բայց կա նաև լուծում: Դուք հիմնականում տեսնում եք լուծված վիճակը: Դրա համար, հիմա, ես ու Լիլիթն ուզում ենք հանդիպումներ ու քննարկումներ կազմակերպել փոդքասթի շրջանակներում, հրավիրելով մասնագետներ, որտեղ կբացենք նաև մեր ընտանեկան կոնֆլիկտները»,- նշեց Արամ Մելիքյանը:
Մեր տանը կոնֆլիկտներ շատ են լինում
Տանը կոնֆլիկտներ շատ են լինում ու բոլորի հետ: Քանի որ տարիքային տարբերությունը մեզ մոտ առկա է, Անրիի ուզածն ուրիշ է, Ստելիկինը՝ ուրիշ, Էլիզի ուզածը լրիվ ուրիշ է:
Նրանք տարբեր տարիքային մարդկանց հետ են շփվում, տարբեր ժանրի երաժշտություն են լսում: Ու, երբ մենք ընդհանուր ինչ-որ բան ենք ուզում անել, օրինակ տեղ գնալ, Անրին չի ուզում գալ, Ստելիկն ուրախանում է, Էլիզի համար միևնույն է:
Միշտ ունենում ենք 3 տարբեր կարծիք: Նստում ենք ճաշելու, Անրին ուրիշ բան է սիրում, Ստելան ու Էլիզը ուրիշ: Տարիքային տարբերությունը միշտ բերում է կոնֆլիկտի: Ամենահեշտ հարմարվողը Էլիզն է, ամենադժվար հարմարվողը՝ Անրին, ամեն ինչ կոնֆլիկտ է իր հետ:
«Մեծ խաղեր»-ի շնորհիվ 8 հոգին դարձել են մի մեծ ընտանիք
Սկսել ենք «Մեծ խաղեր» յութուբյան նոր նախագիծը, որի համար նախապես հայտարարել էինք քասթինգ: Ընտրել ենք 8 զույգ, որտեղ եղբայրներ, քույրեր, նշանվածներ ու ամուսնացածներ են: Թիմը բաղկացած է 2 հոգուց: Նպատակն էր ստեղծել ազարտային տրամադրություն ստեղծող խաղ, ինչի հիմքում կրկին կլինի ընտանիքը, որի միջոցով շատ զույգեր ու ընտանիքներ կմիավորվեն, ավելի կջերմանան:
Այդ 8 հոգին հիմա դարձել են մի մեծ ընտանիք: Ընդհանուր չատ ունեն ու ամբողջ օրն իրարով են ապրում: Բայց շատ դժվար է, քանի որ միմիյանց դեմ քվեարկում են: Խաղը յութուբյան հարթակի համար է, բայց հաջորդ եթերաշրջանն արդեն հեռուստատեսությամբ եթեր կհեռարձակվի, քանի որ մի քանի առաջարկ արդեն ունենք: Նոր եթերաշրջանում մասնակիցները կլինեն հայտնիներ: 
Դարձա ավելի հասանելի ու սիրված մարդ
Ինձ փողոցում վաղուց են ճանաչել, բայց երբեք չեն մոտեցել: 2018-20թթ-ին, երբ ես ղեկավարում էի Հայաստանում ամենահայտնի նախագիծը՝ Հումորի լիգան, մարդիկ ինձ ճանաչում էին հեռուստատեսությունից: Երբ մենք տեղափոխվեցինք նոր տուն, ամբողջ թաղամասում չեմ կարող բացատրել, թե ինչ էր կատարվում, ինձ համար էլ էր սկզբում անսովոր:
Իսկ, երբ ստեղծեցինք մեր ընտանեկան կոնտենտը, դարձանք նաև հասանելի: Ինստագրամն ավելի հասանելի է, քան հեռուստատեսությունը: Այն ժամանակ մարդիկ ինձ դիտարկում էին որպես անհասանելի մեկին, հիմա ես նրանց համար դարձել եմ ուղղակի սիրված մարդ, որովհետև ասյտեղ թեման ընտանիքն է: Մենք՝ հայերս սիրում ենք ընտանիքի հետ կապված ամեն ինչ:
Իմ ու Վահեի հարաբերություններում բաց կա...
Հումորի լիգան իրականացրել է մեծ թիմ: Թիմը ես եմ ստեղծել, բայց ղեկավարել ենք 4-ով: Ես, Վահեն, Արսենը ու Արմենը: Հումորի լիգա 4-րդի ժամանակ ես հստակ որոշում կայցրեցի, որ մենք միասին այլևս չենք աշխատի, բայց կլինենք ընկերներ:
Իմ ու Վահեի հարաբերություններում հիմա ինչ-որ բաց կա, որը, հուսով եմ կկարգավորվի: Միասին չաշխատելը չի նշանակում, որ Վահեն պրոֆեսիոնալ չէ, Վահեն ֆենոմոնալ պրոֆեսիոնալ ու տաղանդավոր մարդ է, բայց, եթե մենք ընկերներ ենք, ուրեմն պիտի միասին չաշխատենք: Դա իմ անձնական կարծիքն է:
Ես հասկանում էի, որ, եթե շարունակենք միասին աշխատել՝ իրար կկորցնենք, բայց ինչպես հասկանում եմ, այսպես էլ ենք իրար կորցրել: Չնայած շարունակում ենք շփվել:
Պարտություններս չեմ սիրում ցույց տալ
Այս պահին մեր կյանքում ամեն ինչ իդեալական է թվում: Լույս աշխարհ եկավ 2-րդ որդիս՝ Տիգրանը: ֆենոմենալ բան է նոր մարդու ծնունդը, բայց այդ ընթացքում մենք ամիսներ ենք ունեցել, երբ շաբաթը մեկ՝ գիշերը վազել ենք հիվանդանոց: Ամեն ինչ այդքան հեշտ չէ ու իդեալական, որքան թվում է:
Ինձ ճանաչողներն ասում են՝ Արամը ո՛չ բողոքող է, ո՛չ խնդրող: Ես տեսակով հաղթող եմ, բայց միշտ չէ, որ այդ հաղթանակն իմ կյանքում կա: Ես պարտություններս չեմ սիրում ցույց տալ: Մեր ընտանիքում էլ շատ պատմություններ է լինում, բայց ինչպես տեսնում եք՝ վերջնական արդյունքում մենք դուրս ենք գալիս հաղթանակած:
Ես շատ կուզեմ, որ մենք կարողանանք հանրությանը ցույց տալ մեր պարտությունները, որովհետև մենք իդեալական չենք: Կարևոր է, որ մարդիկ տեսնեն մեր պարտությունները, որ հանկարծ որևէ տեղ ես երբևէ սխալ թույլ տամ, չասեն՝ տեսեք, կեղծավոր է:
Ընտանիքում ես շատ եմ սխալվում, լինում են լարված զրույցներ, բայց Փառք Աստծո, մենք միշտ գտնում ենք եզրեր և լուծում ենք:







