Թատրոնի ղեկավար կազմը փորձել է ստանալ որոշակի ճշգրտումներ, պարզաբանումներ. նոր մանրամասներ՝ ՊՀԹ դերասանների չփոխանցված աշխատավարձից
Երեկ, Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասաններն ահազանգում էին, որ արդեն 3 ամիս է աշխատավարձ չեն ստանում: Երևանի քաղաքապետարանի դիմաց դերասանները պահանջում էին բացատրել, թե ինչու գրեթե 100 տարեկան թատրոնի դերասաններն, ովքեր օրը 2-3 սեանս ներկայացում են խաղում, աշխատավարձ չեն ստանում:
ՊՀԹ ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով նոր մանրամասներ.
«Հարգելի հետևորդներ, հանդիսատես, արվեստասեր հասարակություն, ԶԼՄ ներկայացուցիչներ և պարազպես մարդիկ որոնց համար թանկ է Պատանի Հանդիսատեսի թատրոնը:
Հաշվի առնելով վերջին օրերին ՊՀԹ-ի շուրջ ծավալված խնդիրները և խոսակցությունները՝ ցանկանում ենք տրամադրել որոշակի տեղեկատվություն։
Հաշվի առնելով, որ շուրջ 6 տարի Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող սուբսիդիայի պայմանագիրը կնքվել է անխոչընդոտ, ուստի ակնհայտ է և պարզ, որ 2025 թվականի քաղաքապետարանի կողմից առաջարկվող սուբսիդիայի պայմանագրի դրույթների հետ կապված թատրոնն ունի որոշակի դիտարկումների և ճշգրտումների կարիք, քանի որ առկա է փոփոխություն։
Թատրոնի ղեկավար կազմը փորձել է ստանալ որոշակի ճշգրտումներ, պարզաբանումներ, սակայն ապարդյուն։
2 ամիս շարունակ, խնդիրը բարձրաձայնելուն զուգահեռ՝ թատրոնի տնօրինությունը հնարավորություն է ունեցել աշխատակիցներին ապահովել աշխատավարձով։ Թեպետ ունենալով առարկություններ՝ ս/թ-ի մարտ 18-ին թատրոնի տնօրենն ի վերջո ստորագրեց քաղաքապետարանի կողմից տրամադրված սուբսիդիայի պայմանագիրը, այսկերպ ապահովելով թատրոնի բնականոն գործուներությունը և աշխատակիցներին չներգրավվել և չծանրաբեռնել ադմինիստրատիվ աշխատանքներում։ Ստորագրումից մինչ այսօր, թատրոնին չի տրամադրվել պայմանագրով սահմանված ֆինանսավորումը, որտեղից էլ պետք է փոխանցվեր նաև աշխատակիցների աշխատավարձը։
Ցանկանում ենք տեղեկացնել, որ մինչ այսօր թատրոնում չի խաթարվել ստեղծագործական աշխատանքը։
Այս գրառման ավարտին ցանկանում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ տարին հոբելյանական է, թատրոնը նշում է հիմնադրման 95- ամյակը»,- նշված է հաղորդագրության մեջ:












