Գոշ Հակոբյանը բացում է իր առաջիկա նախագծերի փակագծերը․ «Մամա», «Զոնտիկ» և «Anubis»՝ երեք տարբեր աշխարհներ մեկ սեզոնում
Parie Media-ն «Մամա» մինի-սերիալով կբացի նոր սեզոնը:
Ռեժիսոր և պրոդյուսեր Գոշ Հակոբյանը Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է իր առաջիկա նախագծերի մասին՝ նշելով, որ գարնանային եթերաշրջանում հանդիսատեսին սպասվում են միանգամից մի քանի նոր աշխատանքներ։
Առաջինը կլինի «Մամա» մինի-սերիալը։ Նախագիծը կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերությամբ:

«Զոնտիկ»․ իրական պատմության հիման վրա նկարահանված ֆիլմ
Parie Media-ի հաջորդ նախագիծը «Զոնտիկ» գեղարվեստական ֆիլմն է, որը նրա դեբյուտն է մեծ խաղարկային կինոյի աշխարհում։
Ֆիլմը պատմում է խորհրդային ժամանակների ամենահայտնի բանկային կողոպուտներից մեկի մասին:

«1977 թվականին, Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երևանում տեղի ունեցավ ԽՍՀՄ պատմության ամենահամարձակ և աղմկահարույց բանկային կողոպուտն է:
Երկու եղբայրներ՝ Նիկոլայ Կալաչյանն ու Ֆելիքս Կալաչյանը, երկար ժամանակ ուսումնասիրել էին Պետական բանկի կանխիկ գումարի տեղափոխման համակարգը։ Գողության գործիքն անսպասելի էր բոլորի համար՝ մանկական անձրևանոց։
Գողությունը կատարվեց արագ և հաշվարկված ձևով․ հափշտակվեց մոտ 1.5 միլիոն խորհրդային ռուբլի, որը այն ժամանակվա համար հսկայական գումար էր։
Սկսվեց լայնածավալ հետաքննություն՝ ԿԳԲ-ի մասնակցությամբ։ Մի քանի ամիս անց եղբայրները ձերբակալվեցին, իսկ դատավարությունից հետո դատապարտվեցին մահապատժի։ Այս պատմությունը երկար տարիներ գաղտնի էր պահվում և հանրությանը հայտնի դարձավ միայն ԽՍՀՄ փլուզումից հետո»։

Ֆիլմում գլխավոր դերերում հանդես են գալիս Սոս Ջանիբեկյանը և Մոսո Կարապետյանը։
Ֆիլմը նախատեսվում է ցուցադրել մեծ էկրաններին ապրիլի 9-ից՝ ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։ Այն թարգմանվել է չորս լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն։

«Anubis»․ գիտաֆանտաստիկ փորձարարական նախագիծ
Երրորդ նախագիծը «Anubis» միկրոսերիալն է՝ վեց սերիայից բաղկացած գիտաֆանտաստիկ պատմություն։
Սյուժեն պատմում է խորհրդային ժամանակների գաղտնի լաբորատորիայի մասին, որտեղ դեռևս 1990-ականների սկզբին իրականացվում էին արհեստական բանականության փորձեր մարդկանց վրա։

«Պատմության կենտրոնում երիտասարդ հերոսն է, որը կյանքի ծանր իրավիճակում համաձայնվում է մասնակցել փորձին և հայտնվում է վիրտուալ աշխարհում։ Այնտեղ նա սիրահարվում է android աղջկա, և կանգնում ընտրության առաջ՝ վերադառնալ իրական կյանք, թե մնալ սիմուլյացիայի մեջ»,- մեզ հետ զրույցում պատմեց Գոշ Հակոբյանը:
Ֆիլմում գլխավոր հերոսին մարմնավորում է դերասան Սաշա Սուքիասյանը։

Գոշ Հակոբյանի խոսքով՝ մեկ սեզոնի ընթացքում միանգամից երեք նախագիծ ներկայացնելը երկար ժամանակ իր նպատակն էր։
Ռեժիսորը նշում է, որ ամբողջ թիմը շուրջ 8-9 ամիս անդադար աշխատել է՝ ամենօրյա ծանր գրաֆիկով։ Նրա խոսքով՝ հաջորդ նպատակն այն է, որ ընկերությունը կարողանա տարին երկու անգամ ներկայացնել միանգամից երեք նոր նախագիծ, որոնցից մեկը կլինի լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ։





















