ՏՏ ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ոլորտն է. բացվեց «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը»

11:41 • 11.05.11

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի, «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգոր Բարսեղյանի մասնակցությամբ այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 10-րդ մասնաշենքում տեղի ունեցավ «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի» (ՄԻԿ) բացման պաշտոնական արարողությունը: Միջոցառման ընթացքում ներկայացվեց կենտրոնի գործունեությունն ու հետագա ծրագրերը:

Կենտրոնի ստեղծմանն աջակցել են կառավարությունը, «Մայքրոսֆթ ԱրԷյ» ընկերությունը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն ու Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը:

«Այսօր մեզ համար բավականին ուրախ օր է, և այս օրվա համար մենք բավականին երկար ճանապարհ ենք անցել, 4 տարուց ավելի սպասել ենք այս օրվան»,- միջոցառման բացմանը հայտարարեց «Մայքրոսոֆթի» հայաստանյան գրասենյակի ղեկավարը: Գրիգոր Բարսեղյանը նշեց, որ իրենք այս նոր կենտրոնով կաջակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորոտում փոփոխություններին և նորություններին: «Մայքրոսոֆթը լրիվ կաջակցի բոլոր նորություններին, այստեղ հնարավոր կլինի համագործակցել պետական, մասնավոր, հանրային և միջազգային հատվածի միջև»,- ասաց Բարսեղյանը:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը՝ համոզված լինելով, որ դա իր անմիջական ազդեցությունը կունենա ամբողջ տնտեսության վրա: «Կառավարության կողմից շարունակական ջանքեր են ներդրվում ոլորտի աջակցության համար»,- ասաց նախարարը:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ամենահաջող և արագ զարգացող ոլորտներից է Հայաստանում՝ հաշվի առնելով Հայաստանի որակյալ մասնագետների և մարդկային մեծ կապիտալի ներուժը»,- հայտարարեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ «Մայքրոսոֆթի» ծրագրերն ու արտադրանքը լիցենզավորված է և Հայաստանի կրթական ոլորտը օգտվում է այս ընկերության արտոնագրված արտադրանքից: «Կրթությունն այն տեղն է, որտեղ արժե ներդրումներ անել»,- հայտարարեց նախարարը՝ ավելացնելով, որ այս կենտրոնի բացման արդյունավետությունը զգալի կլինի հինգ տարի հետո:

Նորագույն տեխնոլոգիաներով համալրված կենտրոնի հիմնական նպատակը Հայաստանում նորարարության խթանումն է, նոր գաղափարների բացահայտումը և ՏՏ լուծումների ստեղծումն ու ներդրումը տնտեսության տարբեր ոլորտներում:

«ՄԻԿ-ը կաջակցի լավագույն այն գաղափարներին, որոնք կարող են դառնալ նոր արտադրատեսակ և ունենալ պահանջարկ թե՛ տեղական, թե՛ միջազգային շուկաներում: ՄԻԿ-ում կիրականացվեն կարճաժամկետ և երկրաժամկետ տեխնոլոգիական և բիզնես դասընթացներ, որոնց ընթացքում ուսանողները և ՏՏ ոլորտի մասնագետները կստանան իրենց գաղափարները կյանքի կոչելու համար անհրաժեշտ գիտելիքներ և խորհրդատվություն»,- վստահեցնում են ընկերությունում:

Միջոցառման ավարտին «Մայքրոսֆթ ԱրԷյ» ընկերության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Հայաստանի ճարտարագիտական համալսարանի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր:

ՏՏ ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ոլորտն է. բացվեց «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը»