«ВКонтакте»-ում գործում է հանրագիտարանային բաժին
Ռուսական հայտնի «ВКонтакте» սոցիալական կայքում հայտնվել են հանրագիտարանային էջեր, որոնք հնարավոր է խմբագրել այնպես, ինչպես հռչակավոր Wikipedia համացանցային հանրագիտարանը:
Հետաքրքիր է, որ սոցիալական կայքի ղեկավարության կողմից նոր ծառայությունը դեռևս պաշտոնապես հրապարակված չէ, սակայն ցանցի այն օգտատերերը, որոնց էջերում լրացված է «Կրոնական հայացքներ» տողը, կարող են օգտվել նոր բաժնից: Այս պահին նոր օնլայն հանրագիտարանում կարելի է նյութեր գտնել իսլամի, քրիստոնեության, բապտիզմի, աթեիզմի և այլ կրոնական ուղղությունների մասին:
Օգտատերերը, սակայն, իրավունք ունենալով խմբագրել նյութերը, հաճախ վիրավորական բառեր են գրում տեքստերում: Կան դեպքեր, երբ նյութի վերնագիրը չի համապատասխանում դրա բովանդակությանը: Այսպես, օրինակ, «Կաթոլիկ եկեղեցի» բաժնում տեղադրված տեղեկատվությունը վերաբերում է սլավոնական ազգերին, հաղորդում է Росбалт-ը:
Հանրագիտարանային բաժնում առկա են նաև նյութեր, որոնք նվիրված են «ВКонтакте» սոցիալական ցանցին ու դրա գլխավոր տնօրեն Պավել Դուրովին:










