Լիբիայի ապստամբները Կադաֆիի զորքերին վնասազերծում են Google Earth-ի, iPhone-ի ու համակարգչային խաղերի միջոցով
Լիբիայի ապստամբներն օգտագործում են Call of Duty համակարգչային խաղը՝ քաղաքային պայմաններում մարտի վարման հմտությունները սովորելու նպատակով:
Բացի այդ, տեղանքում կողմնորոշվելու ու հակառակորդի դիրքերը հայտնաբերելու համար նրանք օգտագործում են Google Earth ծրագիրը, որը Երկիր մոլորակի մակերևույթի բարձր ճշգրտությամբ արբանյակային քարտեզն է: Նռնականետերի հարվածային հեռավորության աղյուսակի ու քարտեզի համադրման միջոցով ապստամբները կարողանում են հեշտությամբ պարզել հակառակորդի աշխարհագրական տեղակայումն ու պատասխան հարվածներ հասցնել:
Թիրախն ավելի հստակ հայտնաբերելու նպատակով առաջ են ուղարկվում հետախույզներ, ովքեր զինված են հեռադիտակներով ու պորտատիվ համակարգիչներով: Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ գործողությունների ծավալումը ղեկավարում է Միսուրատայի համալսարանի կենսաբանության պրոֆեսոր Մամամմադ Գրաիսին:
Ընդդիմադիրներն օգտագործում են նաև iPhone հեռախոսներում առկա կողմնացույցերը՝ հակառակորդի ու իրենց դիրքերի միջև գոյություն ունեցող անկյունը պարզելու համար:
Միակ թերությունն, ըստ ընդդիմադիրների, այն է, որ Google Earth-ում առկա Լիբիայի նկարների մի մասը արվել է 2004-ին, ու դրանք ժամանակավրեպ են դարձել, հաղորդում է Корреспондент-ը:
Հիշեցնենք, որ Լիբիայում հակակառավարական ցույցերը, որոնք կարճ ժամանակում վերածվեցին զինված բախումների, սկիզբ են առել ընթացիկ տարվա փետրվարի կեսերից:










