Հալյուցինոգեն սնկերում պարունակվող թմրանյութերը՝ մարդկանց երջանկության գրավական
ԱՄՆ Ջոն Հոփքինսի անվան բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ հալյուցինոգեն սնկերում պարունակվող թմրանյութերը կարող են երկարաժամկետ դրական ազդեցություն ունենալ մարդու առողջության ու հոգեվիճակի վրա:
«Ինչպես հայտնի է` սնկերից ստացվող հալյուցինոգեն պսիլոցիբին դեղամիջոցը մարդուն կարող է բերել գիտակցության նորացված վիճակի, սակայն դրա մեծ դեղաչափերը երբեմն առաջացնում են սարսափով ու անհանգստության դրսևորումներով ուղեկցվող հալյուցինացիաներ: Ամենաբարդը ճիշտ դեղաչափը որոշելն է: Գիտնականները հայտնում են, որ նրանց հաջողվել է անել դա»,-ասել է Հոփքինսի դպրոցի պրոֆեսոր Մայա Շալավիցը:
Գիտական փորձի ընթացքում մասնագետներին հաջողվել է պսիլոցիբինի միջոցով կամավորներին տրանսի մեջ գցել, ինչից հետո երկարաժամկետ կտրվածքով այն օգնել է նրանց «հոգեպես աճել ու կյանքում հանգստություն ձեռք բերել», ընդ որում` բացասական կողմնակի էֆեկտներ չեն նկատվել:
Գիտական հետազոտությունից 14 ամիս անց կամավոր մասնակիցների 94 տոկոսը նշել է, որ դա իրենց կյանքի ամենակարևոր 5 իրադարձություններից մեկն է եղել: Ավելին, նրանց ընկերները, գործընկերներն ու ընտանիքի անդամները ևս հայտնել են, որ պսիլոցիբինն ընդունելուց հետո նրանք ավելի հանգիստ, բարի են դարձել ու բավարարված են զգում իրենց:
Երբ 1960-ականներին մարդիկ սկսեցին օգտագործել հալյուցինոգենները` զվարճանալու նպատակով, դրանք շատ արագ վատ համբավ ձեռք բերեցին: Բազմաթիվ երկրներում դրանց օգտագործումն առանց բժշկի նշանակման խստորեն արգելված է, հաղորդում է Times-ը:










