Panasonic-ը կթողարկի դաշտային պայմաններում օգտագործման համար նախատեսված պլանշետ
Ճապոնական Panasonic-ը կթողարկի պլանշետ, որը նախատեսված կլինի դաշտային պայմաններում օգտագործման համար: Այս մասին հաղորդում է ամերիկյան Wired պարբերականը: Սարքավորումը կդառնա Toughbook ընտանիքի մի մասը, որը ներառում է Panasonic «զրահապատ» նոութբուքներն ու պորտատիվ համակարգիչները:
Պլանշետի կորպուսը պատրաստված կլինի հարվածադիմացկուն պլաստմասսայից: Համանման նյութից են պատրաստվում ավտոմոբիլային բամպերներն ու հեծանվորդների սաղավարտները:
Սարքավորումը կաշխատի Android գործառնական համակարգով, կունենա 10,1-դյույմանոց XGA էկրան: Ի տարբերություն ժամանակակից մյուս պլանշետների, որոնք փայլուն են, Toughbook-ի էկրանը կլինի անփայլ: էկրանի վրա գրվածը կարելի կլինի կարդալ փողոցային լուսավորման պայմաններում:
Պլանշետը կհամադրվի GPS մոդուլի հետ, իսկ գնորդի ցանկությամբ` նաև երրորդ և չորրորդ սերնդի բջջային ցանցերի միացման մոդուլներով: Միաժամանակ հավաքածուն կներառի ստիլուս (համակարգչի էկրանին գրելու համար նախատեսված գրիչ):
Սարքավորման գինը դեռ չի նշվում, սակայն հայտնի է, որ Toughbook-ը վաճառքի կհանվի ընթացիկ տարվա դեկտեմբերի վերջին: Դեռ չի հրապարակվում նաև, թե ինչ պրոցեսոր է օգտագործելու պլանշետը:
Նշենք, որ Panasonic-ը Toughbook ընտանիքը հիմնել է 1993-ին: Toughbook-ի որոշ մոդելներ առանձնանում են ոչ միայն մեխանիկական վնասվածքների նկատմամբ իրենց կայունությամբ, այլև խոնավությունից պաշտպանվածությամբ: Toughbook նոութբուքների ստեղնաշարի վրա հանգիստ կարելի է հեղուկ լցնել` չվախենալով այն վնասելուց:










