Հայտնի է դարձել չղջիկների թռիչքի գաղտնիքը
Չղջիկներն էվոլյուցիայի ընթացքում ձեռք են բերել թռիչքի արագության չափման սեփական «գործիքը», որը նրանց հնարավորություն է ընձեռում բարձր ճշգրտությամբ կողմնորոշվել օդում ու խուսափել այլ առարկաների կամ կենդանիների հետ բախումներից:
Նրանց մոտ կողմնացույցի ֆունկցիան կատարում են թևերի վրա առկա մանրադիտակային չափերի մազերը: Դա պարզել են ամերիկացի գիտնականները, ովքեր իրենց հետազոտությունների արդյունքները տպագրել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:
Թեև չղջիկների թևերի վրա առկա մազերի մասին հայտնի էր դեռևս 100 տարի առաջ, սակայն դրանց ֆունկցիան մինչ օրս անհայտ էր: Սկզբում ենթադրվում էր, որ դրանք օգնում են կենդանիներին կողմնորոշվել մթության մեջ, սակայն 1940-ականներին հայտնի էր դարձել, որ չղջիկներն այդ նպատակով օգտագործում են ուլտրաձայնային ալիքներ:
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ օդի հոսանքների ազդեցության տակ մազերի տատանումներն ակտիվացնում են չղջիկների ուղեղի կեղևի բջիջները, ինչն էլ հնարավոր է դարձնում ճշգրիտ կերպով զգալ օդի տատանումներն ու կողմնորոշվել տարածության մեջ:










