Samsung-ը կփորձի նեղել iPhone-ին հայաստանյան շուկայում
Samsung-ը ցանկանում է հայաստանյան սմարտֆոնների շուկայում առաջ անցնել iPhone-ից: Այս մասին այսօր հայտարարեց Samsung Electronics-ի պաշտոնական ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը:
Տեղի ունեցավ Samsung Galaxy SII սմարտֆոնի շնորհանդեսը, որը հունիսի 21-ից վաճառքի է հանվում Հայաստանում: Այս սմարտֆոնը ապահովված է երկմիջուկ պրոցեսորով, որն աշխատում է նոր օպերացիոն համակարգով և ունի ամենաժամանակակից էկրանը սմարտֆոնների ողջ շուկայում:
Samsung ընկերությունը համոզված է, որ այս մոդելը մեծ հաջողություն կունենա հայաստանյան շուկայում՝ հիմնվելով հատկապես այն փաստի վրա, որ 2010թ. Հայաստանում սմարտֆոնների վաճառքը աճել է 300 տոկոսով, ինչում իր էական դերակատարումն է ունեցել նախկին Samsung Galaxy S մոդելը: Շահբազյանը հավելեց, որ 2010թ. այս մոդելի վաճառքը համաշխարհային շուկայում կազմել է ավելի քան 10 մլն:
Ըստ նախնական գնահատականների՝ Samsung Galaxy SII սմարտֆոնի վաճառքը ավելի շատ կլինի, քան նախկինի վաճառքի ծավալները։ Samsung-ը հույս ունի, որ այն կդառնա ամենահաջողակ և ամենաշատ վաճառվող սմարտֆոնը մեր երկրում: Հավելենք, որ հեռախոսը հայկական շուկայում կվաճառվի մոտ 320 հազ դրամով: Շահբազյանը նշեց, որ այս հեռախոսի ամենամեծ առավելությունը պրոցեսորն է, որը հնարավորություն է տալիս աշխատել ավելի արագ, ինչպես նաև էկրանը և հարամարավետությունը:










