Skype-ը խնայում է թոփ մենեջերների հաշվին

01:34 • 21.06.11

Skype Technologies-ը աշխատանքից հեռացրել է ութ թոփ մենեջերի` Microsoft-ի հետ միաձուլման գործարքի ավարտի նախօրեին: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը` վկայակոչելով ընկերության իր աղբյուրները: Ըստ վերջիններիս` մենեջերներն աշխատանքից հեռացվել են խնայողության նկատառումով. եթե նրանց պաշտոնազրկեին արդեն Microsoft-ի անունից, ապա փոխհատուցման վճարները շատ ավելի մեծ կլինեին, քանի որ կհիմնվեին ղեկավարող ընկերության ընդհանուր գնահատականի վրա:

Աշխատանքից հեռացվել են ընկերության չորս փոխնախագահները, կադրերի բաժնի ղեկավարը, մարկետինգի գծով տնօրենը և Skype-ի ադմինիստրացիայի երկու ներկայացուցիչները:

Skype-ի ներկայիս գործադիր տնօրեն Թոնի Բեյթսը կզբաղեցնի նոր ձևավորվող Microsoft Skype Division բաժնի նախագահի պաշտոնը և անմիջականորեն կենթարկվի Microsoft-ի գործադիր տնօրեն Սթիվ Բալմերին։

Նշենք, որ Skype-ը $8,5 մլրդ-ով գնելու մասին Microsoft-ը հայտարարել էր ընթացիկ տարվա մայիսի 10-ին։ Հունիսի 17-ին գործարքը հաստատել էր ԱՄՆ-ի Առևտրի հարցերով դաշնային հանձնաժողովը։

 

 

Skype-ը խնայում է թոփ մենեջերների հաշվին