Ford-ը վերակենդանացնում է Lincoln-ը
Ամերիկյան Ford Motor ավտոմոբիլային կոնցեռնը մտադիր է լրջորեն զբաղվել իրեն պատկանող Lincoln բրենդի զարգացմամբ, որը մասնագիտացած է լյուքս դասի մեքենաների արտադրության մեջ: Ըստ ամերիկյան The Wall Street Journal-ի` առաջիկայում Ford-ը $1 մլրդ կհատկացնի բրենդի նոր մոդելների մշակման համար: Ակնկալվում է, որ առաջիկա չորս տարում կթողարկվի Lincoln-ի յոթ նոր մոդել: Նշենք, որ Ford-ի այս փորձը կդառնա վերջինը Lincoln-ի համար. անհաջողության դեպքում նրան կարող է սպառնալ, օրինակ, ամերիկյան Pontiac-ի ճակատագիրը:
Ըստ Ford-ի` Lincoln-ի մոդելային շարքի ընդլայնումը թույլ կտա բրենդին էականորեն բարելավել իր վաճառքները, որոնք դեռ գտնվում են ցածր մակարդակի վրա: Անցած տարի Lincoln-ն իրացրել է միայն 85,8 հազ. մեքենա, ինչը զգալիորեն զիջում է բրենդի հիմնական մրցակիցների` Lexus-ի, BMW-ի, Mercedes-Benz-ի, Cadillac-ի, Acura-ի, Audi-ի և Infiniti-ի վաճառքների ցուցանիշներին:
Ford-ը բրենդի վերակենդանացման շրջանակում մտադիր է հարկադրել Lincoln-ի դիլերներին առաջիկա ամիսներին լրջորեն բարելավել սեփական «շոու ռումերը»: Lincoln-ի դիլերային ցանցի ներկայացուցիչների կարծիքով` վերջական արդյունքում սա կհարկադրի վաճառողների մի մասին հրաժարվել բրենդի հետ հետագա համագործակցությունից: Բոլոր դեպքերում, նման իրադրությունը Ford-ի համար միայն հաղթանակ կլինի, քանի որ ընկերությունը վաղուց մտադիր է կրճատել Lincoln-ի դիլերների թիվը` բրենդին ավելի մեծ բացառիկություն հաղորդելու համար:
Փորձագետների կարծիքով` մյուս կողմից` Lincoln-ը կարճ ժամանակում գլոբալ հաջող բրենդ դարձնելու Ford-ի փորձերը կարող են անհաջողության մատնվել, քանի որ ԱՄՆ-ի սահմաններից դուրս բրենդի հանրաճանաչության տարածման համար կպահանջվի երկար տարիների քրտնաջան աշխատանք:










