Հայ ոստիկանները Լոպեսի և Շակիրայի սկավառակների «ռեյդ» են անում
«Առավոտ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները այցելել են «Մալաթիա» տոնավաճառին հարող տարածքում գտնվող բոլոր ձայնա և խտասկավառակներ վաճառող խանութներ և ամեն մեկից առգրավել ամենաքիչը 50 անուն ապրանք` պատճառաբանելով, որ սկավառակները պետք է փորձաքննության ենթարկեն և պարզեն` դրանք վաճառքի ներկայացնելու արտոնագիր ունե՞ն, թե` ոչ: Ընդ որում, ոստիկանության աշխատակիցները վերցրել են այն սկավառակները, որոնց օրիգինալ տարբերակները երբևէ Հայաստան չեն էլ մտել` Ջենիֆեր Լոպեսի կամ Շակիրայի տեսահոլովակներ, Հոլիվուդյան ֆիլմեր և այլ արտասահմանյան արտադրության դիսկեր:
«Նշենք, որ մեր հանրապետությունում դեռևս չի գործում որևէ օրենք, ըստ որի` արգելվի առանց արտոնագրի արտասահմանյան արտադրության սկավառակ վաճառել, սակայն ոստիկանության աշխատակիցներին դա չի խանգարել այս շուկայում «ռեյդ» անել: Այս ոլորտը կարգավորող «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» օրենքն ուժի մեջ է մտել այս տարվա մարտի 1-ից, բայց արտոնագիր տվող մարմինը որոշված չէր, միայն մայիսի 20-ին է կառավարությունը որոշել այս ոլորտի լիազոր մարմին ճանաչել Պետեկամուտների կոմիտեին, որը մինչև այժմ դրոշմապիտակերի նմուշներ չի մշակել, անհրաժեշտ քանակությամբ չի տպագրել և չի տրամադրել դիսկ վաճառողներին կամ արտադրողներին: Այս դեպքում ի՞նչն են ստուգելու և եթե խախտում հայտնաբերվի , ըստ ո՞ր օրենքի են պատժվելու սկավառակների խանութպանները` փորձեցինք ճշտել ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ըստ ոստիկանության պատասխանատուների, ոստիկաններն առաջնորդվել են հաղինակային և հարակից իրավունքի պաշտպանության խախտման մասին քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածով: Նույն աղբյուրը հայտնեց նաև, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու, Ջիվանու, Սվաճյան փողոցներում գտնվող ձայնա և խտասկավառակների վաճառքի կետերից հայտնաբերել և վերցրել են հեղինակային և հարակից իրավունքների խախտմամբ 597 ձայնասկավառակ և ներկայումս կատարվում է հետաքննություն»,– գրում է թերթը։










