Գեղադիրում տեղադրվել է արևային առաջին էլեկտրակայանը
Գեղադիր գյուղում իրականացվում է արևային էներգիայից էլեկտրաէներգիա ստանալու ծրագիր։ Արդեն իսկ տեղադրվել է առաջին 1 կվտ-անոց սարքը, շուտով պատրաստ կլինեն նաև 3 և 5 կվտ-անոցները։ Այս մասին այսօրվա ասուլիսին հայտնեցին արևային էներգիայի մասնագետներ, նորարար Ռուբեն Վարդանյանը և «Ինդասթրիալ թեքնոլոջիզ» ընկերության տնօրեն Արթին Մելիքյանը, որոնք գործարկել են հիշյալ ծրագիրը։
«Հնարավոր չէ մտածել ավելի կատարյալ համակարգ, քան արևային էներգիայի համակարգն է. այն շահավետ է տնտեսապես, էկոլոգիապես առավելագույնս մաքուր է, և նույնիսկ՝ անձայն»,- ասաց Ռուբեն Վարդանյանը։
Ըստ նրա՝ Հայաստանում այս գիտական ուղղությունը զարգացել է դեռ 50-ականներից, և այսօր կա գիտական հզոր թիմ կա։ Սակայն գործնական աշխատանքների համար կազմակերպված թիմերը ակտիվ չեն։ «Մեծ ջանքերի գնով հասնում ենք որոշակի արդյունքների, ամեն տարի մասնակցում ենք գիտաժողովների, մյուս երկրների համեմատ հասնում լավ արդյունքների»,- նշեց Վարդանյանը՝ հավելելով, որ Հայաստանում այս ուղղությունը չզարգացնելը ճիշտ չէ՝ «դրա համար պետք է պետական հոգածություն, գիտաարտադրական կենտրոն ստեղծել և այն գործարկել»։
Ռուբեն Վարդանյանը բացատրեց, որ արևից էներգիա ստացող սարքերը 2 տեսակ են. մի դեպքում արևային կոնցենտրատորային սարք է, որը կուտակում է արևի էներգիան փոքր հայելիների միջոցով և կիսահաղորդիչ-փոխակերպիչի միջոցով արևի լույսը փոխակերպում էներգիայի, իսկ երկրորդ դեպքում կոչվում է հիբրիդային՝ տալով և´ հոսանք, և´ տաք ջուր՝ էլեկտրական և ջերմային էներգիա։
Պատասխանելով Tert.am-ի հարցին, Մելիքյանը տեղեկացրեց, որ արևից, օրինակ, 1 կվտ հոսանք ստացող սարքավորումը զբաղեցնում է 12-13 ք/մ տարածք, արժե 5-6 դոլար և մինչև հինգ տարի կարող է աշխատել անխափան՝ առանց որևէ աշխատուժի։ «Արև չլինելու պայմաններում կամ գիշերը օգտագործվում է կուտակիչներում կուտակված էներգիան։ Սակայն, քանի որ մարդկանց հիմնական սպառումը ցերեկվա ժամերին է, այն առավելապես արդյունավետ է»,- ասաց Վարդանյանը՝ նշելով, որ այն կարելի է օգտագործել նաև բազմաբնակարանային շենքերում՝ հարթ տանիքի վրա տեղադրելով։
Արթին Մելիքյանը տեղեկացրեց, որ «Ինդասթրիալ թեքնոլոջիզ» ընկերությունն արդեն հիշյալ սարքերի արտահանման համաձայնագրեր է կնքել, և առաջիկայում արտահանելու են արևային էներգիա ստացող սարքավորումներ՝ սկսած 50 կվտ-անոցից։










