Հետազոտություն. Քաղաքային կյանքն ազդում է մարդու գլխուղեղի վրա

14:46 • 24.06.11

Գերմանիայի Հայդելբերգի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ քաղաքներում բնակվող մարդկանց ուղեղը, ի տարբերություն գյուղական բնակավայրերի բնակիչների գլխուղեղի, այլ կերպ է աշխատում։ Այդ մասին գրում է The Guardian պարբերականը։

«Գիտնականներն ապացուցել են, որ սթրեսային իրավիճակներում քաղաքային բնակչության գլխուղեղի այն 2 հատվածները, որոնք պատասխանատու են զգացումների կառավարման ու անհանգստության համար, դառնում են գերակտիվ։ Գիտնականները կարծում են, որ քաղաքացիների «տարբերությունը» կարող է կապված լինել քաղաքային շրջաններում հոգեկան հիվանդությունների աճի թվի մեծացման հետ»,- նկատում է թերթը։

Հետազոտությունների արդյունքում ինստիտուտի պրոֆեսոր Անդրեաս Մայեր-Լինդենբերգն ապացուցել է, որ վախի, անհանգստության առաջացման հավանականությունը քաղաքացիների մոտ 32, իսկ տրամադրության տատանումները՝ 39 տոկոսով ավելի բարձր են։ Քաղաքում ծնված ու մեծացած բնակչության մոտ կրկնակի բարձր են նաև հոգեխանգարման դեպքերը։

Հետազոտության շրջանակում գիտնականը սքանավորել է գյուղական բնակավայրերի ու խոշոր քաղաքների ավելի քան 50 առողջ կամավորների ուղեղներն այն ժամանակ, երբ վերջիններս լուծել են թվաբանական բարդ խնդիրներ։ Գիտափորձն անցկացվել է խնդիրների լուծման ժամանակ մարդկանց անհանգստության զգացում «ներարկելու» նպատակով։ Արդյունքում՝ պարզվել է, որ քաղաքացիների նշագեղձերը չափազանց մեծ ակտիվություն են դրսևորել։ Վերջիններս ուղղակիորեն կապված են ուղեղի հետ7 և ամիջականորեն են արձագանքում անհանգստությանն ու դեպրեսիային։ Գիտնականների կարծիքով՝ հոգեկան խանգարման պատճառ կարող են դառնալ սոցիալական անհավասարությունը, աղմուկն ու քաղաքներում խիտ բնակեցումը։

Կանխատեսումների համաձայն՝ 2050թ. մարդկանց 70 տոկոսը կապրի քաղաքներում։ Ընդ որում՝ ուրբանիզացիան կասոցացվի խրոնիկական հիվանդությունների, սոցիալական միջավայրում սթրեսային իրավիճակների ու սոցիալական անհավասարության խորացման աճի հետ։

Հետազոտություն. Քաղաքային կյանքն ազդում է մարդու գլխուղեղի վրա