Ինտերնետ օգտագործողների թիվն ավելացել է, գները՝ նվազել. վարչապետը բացեց «Դիջիտեք 2011»–ը
«Դիջիտեք 2011» ֆորումի բացման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը արձանագրեց, որ ՏՏ ոլորտը մի շարք լուրջ առաջընթացներ է արձանագրել։
«Վերջին 3 տարիների զարգացումներով՝ ՏՏ ոլորտը տնտեսության մեջ առաջատար դիրք է զբաղեցնում։ Օրինակ՝ 2009թ. մենք ունեինք բջջային հեռախոսով ինտերնետից օգտվող ընդամենը 1.1 միլիոն բաժանորդ, 2010թ.՝ 1.3 միլիոն, 2011թ. առաջին եռամսյակում՝ 1.7 միլիոն։ Եթե դիտարկենք ինտերնետի լայնաշերտ հասանելիության ցուցանիշները, ապա 2009թ. ունեինք 70 հազար օգտվող, 2010թ.՝ 170 հազար, 2011թ. այս պահին՝ արդեն 240 հազար։
Կարևոր է նաև այն հանգամանքը, որ բաժանորդների քանակի աճն ուղեկցվում է գների նվազմամբ։ Մասնավորապես՝ միջինացված մինչև 1 մեգաբիթ/վայրկյան արագությամբ ինտերնետը 2009թ. արժեր 234 հազար դրամ, 2010թ. ՝ 71 հազար և 2011թ.՝ 55 հազար դրամ, և մենք շարունակելու ենք արձանագրել գների նվազում»,– նշեց վարչապետը։
Տիգրան Սարգսյանը ընդգծեց նաև, որ ենթակառուցվածքների այդպիսի միտումները ստեղծում են ավելի բարենպաստ պայմաններ, ընդհանուր առմամբ, ՏՏ ոլորտի զարգացման համար։










