Երեխան հրաշքով փրկվել է «արհեստական սրտի» 3 անհաջող միացումից հետո

13:23 • 27.06.11

Յոթամյա Հաննա Էդանը Էդինբուրգից դարձել է աշխարհում առաջին մարդը, որին 3 անգամ փորձել են միացնել «արհեստական սիրտ»։ Ինչպես գրում է The Daily Mail պարբերականը, սա բժշկության մեջ առաջին դեպքն է

Բժիշկների խոսքով՝ սարքը բնավ էլ անվնաս չէ, քանի որ մեծացնում է ինսուլտի հավանականությունը։ Սարքը, որպես օրենք, հիվանդին միացվում է ընդամենը 1 անգամ։ Հաննան բացառություն է, քանի որ դոնորական սրտի սպասելիս եռակի ենթարկվել է «մեխանիկական» միացման։ Աղջնակի օրգանիզմն արտադրում էր հակամարմիններ, ինչը կարող էր վայրկենապես մերժել դոնորական սրտի ընդունումը։

Չնայած մեծ ռիսկին, վիրաբույժները որոշել են ներարկել նրան ,էկուլիզումաբ հակամարմին, որը նախկինում երբևէ չէր կիրառվել փոխպատվաստման ժամանակ։ Դրա առանձնահատկությունն այն է, որ արգելափակում է մարդու իմունային համակարգի այն հատվածը, որը վերացնում է օտարածին բջիջները։ Աղջկա սրտի փոխպատվաստումը հաջողությամբ իրականացվել է Նյուքասլի «Ֆրիմեն» հոսպիտալում։

Հաննայի վիճակը ներկայում նորմալ է, նա հաջողությամբ անցնում է վերականգնողական շրջանը։ Բժիշկների համար, սակայն, հանելուկ է հարցը, թե ինչու է երեխայի սեփական սիրտը հրաժարվել գործել։

Երեխան հրաշքով փրկվել է «արհեստական սրտի» 3 անհաջող միացումից հետո