Թռչունները «շարահյուսություն» ունեն
Կիոտոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ բենգալական սերինոսների «խոսքում» կան կանոններ, որոնք նման են մարդկային շարահյուսությանը։
«Երգող թռչունները ընդունակ են իրենց երգերում արտաբերել շարահյուսական կառույցներ»,- պատմել է հետազոտական խմբի ղեկավար Կենտարո Աբեն New Scientist պարբերականին։
Խումբը հայտնաբերել է, որ բնական միջավայրում սերինոսները սկսում են բարձր գոռալ, երբ լսում են անծանոթ ձայն։ Գիտնականները մի շարք փորձեր են անցկացրել՝ պարզելու համար՝ արդյոք թռչուները տարբերում են «քերականապես ոչ ճիշտ» երգերը։ Սկզբում նրանք սերինոսներին տվել են լսելու իրենց համար անծանոթ երգի ձայնագրություն այնքան ժամանակ, մինչև որ նրանք հարմարվեն երաժշտությանը։ Այնուհետև նրանք փոխել են երգի «վանկերը» և թռչունների համար միացրել են «ռեմիքսային» տարբերակը։
Պարզվել է, որ 4 վերափոխված երգերից միայն մեկն է թռչունների մոտ բացասական արձագանք առաջացրել. մյուս երեքը նրանք հանգիստ են ընդունել։
«Սա ապացուցում է, որ նրանց երգերում գոյություն ունեն վանկեր կազմելու որոշակի կանոններ, որոնք ընդունված են երամում»,- հայտնել է գիտնականը։
Աբեի հաջորդ փորձը ցույց է տվել, որ այդ կանոնները ի ծնե չեն լինում. դրանք թռչունները սովորում են երամում։ Այսպես, մեկուսացված սերինոսները չեն արձագանքել «սխալ» օրինակներին այնքան ժամանակ, մինչև 2 շաբաթ ապրել են «կրթված» ընկերների հետ։










