Հայաստանում տարեկան կատարվում է 3000 էսթետիկ վիրահատություն

12:59 • 28.06.11

Այսօր առավել կիրառական է էսթետիկ վիրաբուժությունը, սակայն պլաստիկ վիրաբուժությունն ունի շատ ավելի լայն շրջանակ՝ մանկական արատների վերացում, այրվածքների վերականգնում և այլն: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց բժիշկ Արմեն Հովհաննիսյանը։ Նա պատմեց, որ պլաստիկ վիրաբուժությունը Հայաստանում առաջին քայլերն արել է 1984թ.՝ որպես վերականգնողական վիրաբուժություն։ Սակայն, ըստ նրա, 1988թ. երկրաշաժից հետո պլաստիկ վիրաբույժները կատարեցին շատ մեծ աշխատանք։ «Հավաքված էր պրոֆեսիոնալ բժիշկների մեծ թիմ և մեծ նվիրումով կատարվեցին մեծաթիվ վերականգնողական վիրահատություններ»,- նշեց նա։

«Մարդիկ կերոսիններով էին տունը տաքացնում, վառարաններ էին դրված բնակարաններում, և բավական շատ էին այրվածքները,- ասաց բժիշկ Գևորգ Ստամբոլցյանը։- Այսօր առավել էսթետիկ վիրաբուժության համար են դիմում»։ Նա նշեց, որ տարեկան կատարվում է մոտ 3000 էսթետիկ վիրահատություն, որոնց ճնշող մեծամասնության առիթը «հայկական քիթն» է։

Արմեն Հովհաննիսյանը հիշեցրեց, որ պլաստիկ վերականգնողական վիրաբուժության առաջին կենտրոնը Հայաստանում հիմնադրվել է 1991թ., և այսօր Հայաստանում գործող պլաստիկ վիրաբույժները բարձրակարգ մասնագետներ են։ Այսօր Հայաստանում հնարավոր է իրականացնել գրեթե բոլոր տիպի պլաստիկ վիրահատությունները։

«Ցանկացած որակավորում ունեցող պլաստիկ վիրաբույժ այս ասոցիացիայի անդամ է»,- նշեց Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության միջազգային ասոցիացիայի (IPRAS) տնօրեն Զաքարիաս Քամփլանդիսը։ IPRAS-ն ունի երեք հումանիտար համակարգ. «Կանայք կանանց համար» ծրագիր, որի շրջանակում կին պլաստիկ վիրաբույժներն այցելում են ռազմական գոտիներ և այնտեղ օգնում կանանց՝ առանց փոխհատուցման, Վերականգնողական ծրագիր և ծայրահեղ ծառայությունների մատուցում՝ անհետաձգելի գոտիներում՝ աղետների դեպքում։

Այսօր Երևանում 16 երկրներից 26 մասնագետ 3 օր դասախոսելու և գործնականորեն շփվելու է հայ գործող և ապագա վիրաբույժների հետ։ Իսկ հունիսի 30-ին բժիշկները կպատասխանեն հանրությանը հուզող հարցերին։

Հայաստանում տարեկան կատարվում է 3000 էսթետիկ վիրահատություն