Հայաստանը բնական պաշարների պակասը կարող է լրացնել վերականգնվող էներգետիկայով

13:42 • 29.06.11

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության մեջ 32 տոկոս է կազմում հիդրոկայաններից և վերականգնվող ռեսուրսներից ստացված էլեկտրաէներգիան, որը, մասնագետների հավաստմամբ, բավականին բարձր ցուցանիշ է։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը։ Այնուամենայնիվ, նրա կարծիքով՝ մենք այս ոլորտի հետ կապված դեռ շատ անելիքներ ունենք։

«Հայաստանում վերականգնվող էներգետիկայի վիճակը բավականին լավ է, եթե համեմատենք հարևան երկրների հետ։ Եվ այս առումով՝ մենք ունենք բավականին լավ օրենսդրական դաշտ, խրախուսող քաղաքականություն, որի շնորհիվ անցած տարիների ընթացքում, օրինակ, փոքր ՀԷԿ–երի մասով, 130 փոքր ՀԷԿ–ի կառուցման լիցենզիա է տրվել՝ 2003-2004 թվականներից հետո։ Սա շատ գրավիչ ցուցանիշ է, և մենք, իհարկե, ունենք մեծ ռեսուրսներ այլ բնագավառներում։ Հայաստանը արևային երկիր է՝ արևը, քամին և այլ ռեսուրսներ այստեղ առատ են, այսինքն մենք չունենք բնական պաշարներ, բայց հարուստ ենք վերականգնվող էներգետիկայի համար շատ լուրջ ներուժով»,– ասաց Թամարա Բաբայանը։

Բանախոսը տեղեկացրեց, որ վերականգնվող էներգետիկայի բնագավառում մինչև 2009 թվականը 1 ԿՎՏ էլէկտրաէներգիա ստանալու համար ներդրումը կազմում էր մոտավորապես 700 ԱՄՆ դոլար։ Իրականացված վերջին ծրագրերից երևում է, որ արդեն այդ ցուցանիշը հասնում է 1200 դոլարի և անցնում է, և ակնկալվում է, որ 2016-2020 թվականներին այդ թիվը կհասնի մինչև 1500 դոլարին համարժեք դրամի։

Հայաստանը բնական պաշարների պակասը կարող է լրացնել վերականգնվող էներգետիկայով