Twitter-ի հիմնադիրը հեռանում է նոր նախագիծ ստեղծելու

14:25 • 29.06.11

Twitter միկրոբլոգի հիմնադիրներից Իսաակ «Բիզ» Սթոունը հայտնել է, որ հեռանում է ընկերությունից՝ նոր նախագծի վրա աշխատելու նպատակով։

37-ամյա Սթոունն իր բլոգում գրել է, որ Twitter-ի հետ համագործակցությունը կշարունակի դեռ «երկար տարիներ», բայց իր համար այժմ ավելի արդյունավետ կլինի հեռանալ ընկերության ղեկավարության ճանապարհից։

Նա հայտնել է, որ այժմ նախատեսում է կենտրոնանացնել ուժերը ուսումնական հաստատություններին և ոչ կոմերցիոն կազմակերպություններին օգնելու վրա, ինչպես նաև զբաղվել խորհրդատվական գործունեությամբ։

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Սթոունը և ավելի վաղ ընկերությունը լքած Twitter-ի մյուս հիմնադիր Էվան Վիլյամսը նախատեսում են թողարկել Obvious Corp-ի նոր նախագիծ։

Twitter ընկերությունը հիմնադրվել է 2006թ. Էվան Վիլյամսի, Ջեք Դորսիի և Բիզ Սթոունի կողմից։ Այս պահին այն աշխարհի երրորդ խոշորագույն սոցիալական կայքն է Facebook-ից և Windows Live Profile-ից հետո։

Twitter-ի հիմնադիրը հեռանում է նոր նախագիծ ստեղծելու