Philips-ը փորձում է խուսափել Nokia-ի ճակատագրից

08:00 • 01.07.11

Իսպանական Les Echos-ը գրում է` էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի եվրոպական շուկան դժվար ժամանակներ է ապրում: Նախ` ֆիննական Nokia հեռահաղորդակցային հսկան հայտարարում է ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակում շահույթի 31%-ով անկման մասին, իսկ այժմ պարզվում է, որ նիդեռլանդական Philips ընկերությունը ևս լուրջ խնդիրներ ունի` դատելով նրա ֆինանսական կանխատեսումներից: Էլեկտրոնիկայի եվրոպական շուկայում իրադրությունն օրեցօր ավելի մռայլ է դառնում:

Philips-ը հայտարարել է, որ արտադրության երեք հիմնական ուղղություններից երկուսի «լուսային լուծումներ և կեցաղային տեխնիկա» վաճառքների ծավալները, ամենայն հավանականությամբ, նախատեսվածից ավելի քիչ կլինեն: Կանխատեսման այս իջեցումը հիմնականում պայմանավորված է Եվրոպայում և ԱՄՆ-ում պահանջարկի անկմամբ: Ընկերության ֆինանսական խնդիրները կապված են ինչպես արտադրության ներքին խնդիրների, այնպես էլ սպառման ծավալների կրճատման հետ: Կենցաղային էլեկտրոնիկայի եվրոպական մասնաճյուղի «վառ» հեռանկարների մասին խոսելու կարիք չկա: Եվրոպացիներն ավելի ու ավելի քիչ են գնում ատամի էլեկտրական խոզանակներ, էլեկտրաածելիներ և համանման այլ տեխնիկա:

Տասը տարի առաջ Philips-ը որոշում էր ընդունել հեռանալ ոչ պրոֆիլային սեկտորներից և շարժվել արտադրության երեք հիմնական ուղղությամբ: Օրինակ` ընկերությունը դադարել է բջջային հեռախոսներ արտադրել և դրա փոխարեն կենտրոնացել է էլեկտրաածելիների, լուսային լուծումների և առողջապահության վրա: Այդպիսով` շեշտադրումը կատարվել է ռեցեսիայի նկատմամբ ենթադրյալ կայուն սեկտորի վրա:

Վերջերս Philips-ը հրաժարվել է նաև հեռուստացույցների արտադրությունից, որը վնասաբեր էր ընկերության համար: Philips-ի արտադրանքը չի կարողացել դիմակայել ասիական ավելի էժան տեխնիկայի գնային մրցակցությանը: Ապրիլին ընկերության ներկայացուցիչները հայտնել էին, որ այս արտադրությունը կհանձնվի հոնգկոնգյան TPV Technology համատեղ ձեռնարկությանը: Վեց տարի հետո Philips-ի գործընկերը կարող է հետ գնել համատեղ ձեռնարկության բաժնետոմսերը, որտեղ Philips-ը կունենա 30-տոկոսանոց մասնաբաժին: Առաջիկա 5 տարվա ընթացքում համատեղ ձեռնարկությունը կարող է օգտագործել Philips բրենդը:
Այդ ժամանակ ընկերությունը հայտնել էր, որ հեռուստացույցների ստորաբաժանման ծախսերի աճի պատճառով ընկերության զուտ շահույթը 2011թ. 1-ին եռամսյակում կազմել է €138 մլն` անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվելով €63 մլն-ով:

Հեռուստացույցների արտադրությունից հրաժարումը հերթական և ամենավառ օրինակն է այն բանի, որ ընկերությունը վճռականորեն հետևում է վերաուղղորդման քաղաքականությանը:

Տագնապալի միտումներ են ձևավորվում նաև լուսավորման տեխնոլոգիաների շուկայում, որը ներկայում փոխակերպումների ժամանակաշրջան է վերապրում` կապված լուսադիոդային լուծումների հետ (LED): Նոր տեխնոլոգիաների զարգացումը, ինչպես շատերն են ակնկալում, կհանգեցնի ոլորտի ընդլայնմանը, սակայն դրա աճի տեմպերը սահմանափակում են ասիական արտադրողները և նոր տեխնոլոգիաների անցման դանդաղ առաջընթացը:

Մեկ շաբաթ առաջ Philips-ը հայտարարել էր, որ անհրաժեշտ է ծախսերի կրճատման արմատական միջոցառումներ ձեռնարկել` հաղթահարելու պահանջարկի բացասական կոնյունկտուրան: Ընկերության կանխատեսմամբ` վաճառքի և շահութաբերության անկման պատճառով ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակում լուսային լուծումների ստորաբաժանման EBITDA գործառնական շահույթը կկազմի €85 մլն` անցած տարվա €210 մլն-ի փոխարեն:

Բոլոր դեպքերում, երեկ հայտարարվել է, որ Philips-ը պայմանավորվածություն է ձեռք բերել իսպանական մրցակցի` Grupo Indal-ի գնման շուրջ: Այդպիսով` շուկայի առաջատարը շարունակում է ներդրումներ կատարել բիզնեսի ընդլայնման մեջ, սակայն այս ներդրումների ծավալը չի հրապարակվում: 2010թ. Indal-ի հասույթը կազմել է €165 մլն, ընկերության աշխատակիցների թիվը 1000 մարդ է: Indal-ը մասնագիտացած է փողոցային և արդյունաբերական լուսավորման մեջ:

Philips-ը փորձում է խուսափել Nokia-ի ճակատագրից