ԵՊՀ–ում որոշ մասնագիտությունների գծով այս տարի առաջին կուրս չի լինի
Այս տարվա դիմորդների քանակի կրճատման պատճառով Երևանի պետական համալսարանում որոշ մասնագիտությունների գծով առաջին կուրս չի լինի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ տեղեկացնելով, որ այսօրվա դրությամբ ԵՊՀ է դիմել 1000–ից մի փոքր ավելի դիմորդ, մինչդեռ նախորդ տարի կար 4877 դիմորդ։
«Այս տարի առաջին կուրսերը կլինեն փոքր։ Կլինեն մասնագիտություններ, որտեղ առաջին կուրս չի լինի, օրինակ, քիմիայի գծով, ռադիոֆիզիկայի մի շարք մասնագիտությունների գծով, միջուկային էներգետիկայի գծով»,– ասաց ռեկտորը։
Նրա խոսքով՝ զարմանալի է, բայց շատ փոքր կուրս կունենա ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում։ «Օտար լեզուների գծով, որտեղ ավանդաբար ունեցել ենք մեծ հոսքեր, այս տարվա դրությամբ ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն լեզուներով մենք հազիվ թե հավաքենք մեկական խումբ»,– նշեց Սիմոնյանը։
Ռեկտորը տեղեկացրեց, որ այս տարի առավել շատ դիմորդներ կան պատմության ֆալկուլտետում։ «Այս տարի դիմորդների մոտ զարմանալի ձգտում կա գնալու, սովորելու պատմության ֆակուլտետում»,– ասաց Սիմոնյանը։
Ընդհանուր առմամբ, ըստ նրա, այս տարի միայն ԵՊՀ պատմության ֆակուլտետում կա մրցույթ, մյուսներում չկա, որովհետև հատկացված տեղերն ավելի շատ են, քան դիմորդները։










