Երևանում և Արցախում տեղի կունենա «Դինամիկ համակարգերը, ոչ գծային անալիզը և նրանց կիրառությունը» միջազգային գիտաժողովը
Հուլիսի 11-ին Գիտությունների ազգային ակադեմիայում կմեկնարկի «Դինամիկ համակարգերը, ոչ գծային անալիզը և նրանց կիրառությունը» միջազգային գիտաժողովը:
Այն իր աշխատանքները հուլիսի 11-ին և 12-ին կշարունակի Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում, իսկ 14-15-ին` Ստեփանակերտում` Արցախի պետական համալսարանում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ տեղեկատվական վերլուծական կենտրոնը։
ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Չերնոգորիայից, Բելառուսից, Իրանից ժամանած մասնագետները հայ գիտնականների հետ միասին կքննարկեն դինամիկ համակարգերի ժամանակակից տեսության ակտուալ խնդիրները:
Գիտաժողովի կազմակերպիչներն են Գիտությունների ազգային ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտը, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Կենտրոնական տնտեսամաթեմատիկական ինստիտուտը, Երևանի պետական համալսարանը և Արցախի պետական համալսարանը։










