Կանաչ թեյի բուժիչ հատկությունների մասին միֆը փլուզվել է
Պեկինի բժշկական քոլեջի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանաչ թեյը և դրա էքստրակտը, որ մինչև այժմ օգտագործվել են «վատ» խոլեստերինի մակարդակի իջեցման համար, այլևս այդ նպատակի համար չեն կարող օգտագործվել, քանի որ դրանց՝ խոլեստերինի մակարդակը իջեցնող ներգործությունը չնչին է։
Ինչպես հաղորդում է ռուսական Rbc.ru կայքը, կենտրոնի մասնագետները էքսպերիմենտի մասնակիցներին երկու խմբի են բաժանել. առաջին խումբը կանաչ թեյ է օգտագործել, իսկ երկրորդ խումբը՝ առանց կենսաբանորեն ակտիվ նյութերի թեյ։ Պարզվել է, որ կանաչ թեյ օգտագործողների օրգանիզմում «վատ» խոլեստերինի մակարդակը 2 տոկոսից էլ քիչ է նվազել։ Երկու խմբերի մասնակիցների օրգանիզմներում խոլեստերինի ցուցանիշների էական տարբերություն չի գրանցվել։
Գիտնականները նշում են, որ կանաչ թեյի բուժիչ հատկությունը կապված է դրանում առկա կատեխինի հետ, որը նվազեցնում է խոլեստերենի ներծծումը աղիքներում։ Այդուհանդերձ, խոլեստերենի մակարդակի շատ չնչին իջեցում է նկատվել։ Ուստի գիտնականները խորհուրդ են տալիս այսուհետ կանաչ թեյը պրեպարատների փոխարեն չօգտագործել։
Արյան մեջ խոլեստերինը գտնվում է համալիր միացությունների՝ լիպոպրոտեինների կազմում։ Ցածր խտությամբ լիպոպրոտեիններն անվանում են «վատ խոլեստերին», քանի որ այն կարող է հավաքվել անոթների պատերին՝ նպաստելով թրոմբի առաջացմանը, որը կարող է հանգեցնել սրտի և ուղեղի կաթվածների։
Բարձր խտության լիպոպրոտեինները՝ «լավ խոլեստերինը», ընդհակառակը, էապես նվազեցնում են աթերոսկլերոզի և սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը։










