Բուհերը կհամագործակցեն միջնակարգ դպրոցների հետ
ԵՊՀ նորընտիր ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ պետհամալսարանն ու ևս մի քանի պետական բուհեր մտադիր են համագործակցել դպրոցների՝ հատկապես ավագ դպրոցների հետ։
«ԵՊՀ–ն համոզված է, որ միջնակարգ դպրոցը այսօր կարիք ունի համակողմանի օգնության և նեցուկ կանգնելու, և որ առանց միջնակարգ դպրոցի գործերը լավ գնալու, դժվար թե բարձրագույն ուսումնական հաստատություններն ու հասարակությունը կարողանա իր վրա դրված խնդիրներն իրականացնել»,– ասաց նա։
Ռեկտորի խոսքով՝ այսօր էլ այդ համագործակցությունը կա, սակայն մինչև սեպտեմբեր իրենք կկոնկրետացնեն դպրոցների հետ համագործակցության հնարավորությունները և ավելի մեծ թափով կշարունակեն գործընթացը։ Ինչպես նշեց Արամ Սիմոնյանը, բուհերն արդեն 6 ավագ դպրոցների հետ կնքել են պայմանագրեր, ինչպես նաև դպրոցականների համար շրջայցեր կազմակերպել ԵՊՀ։
Սիմոնյանի ներկայացմամբ՝ բուհերը դպրոցների ուսուցչական կազմին կցուցաբերեն ուսուցչամեթոդական օգնություն, դպրոցներին կտրամադրեն գրականություն, խորհրդատվության, աշակերտներին կվերապատրաստեն առանձին առարկաների գծով, կօգնեն մասնագիտության կողմնորոշման հարցում։










