Խխունջները կարողանում են գոյատևել թռչունների ստամոքսում
Գիտնականները պարզել են, որ թռչունների կլլած խխունջները կարող են ողջ մնալ՝ դրանց աղեստամոքսային համակարգով անցնելուց հետո:
Ուսումնասիրելով Tornatellides boeningi տեսակի խխունջները, որոնց մարմնի երկարությունը միջինը կազմում է 2,5 մմ՝ գիտնականները եկել են այն եզրակացության, որ այդ կակղամորթների 15 տոկոսը կարողանում է դիմակայել թռչունների մարսողական համակարգին, հաղորդում է BBC News-ը:
Գիտնականների կարծիքով՝ խխունջները կարողանում են պահպանել իրենց գոյությունը փոքր չափերի շնորհիվ: Հետազոտությամբ պարզվել է, որ ավելի մեծ չափեր ունեցող խխունջների խեցին շատ ավելի հաճախ է վնասվում՝ թռչունների աղեստամոքսային համակարգով անցնելիս: Գիտնականները պատրաստվում են շարունակել իրենց ուսումնասիրությունը, որպեսզի պարզեն՝ արդյո՞ք փոքր խխունջները հատուկ մեխանիզմ են կիրառում՝ գոյատևելու համար, թե՞ նրանք «փրկվում» են իրենց փոքր չափերի շնորհիվ:










