«Արմավիային» վաճառել են տեխնիկական թերություններով ինքնաթիռ

11:22 • 13.07.11

Sukhoi Superjet-100 (SSJ-100) ինքնաթիռի առաջին պատվիրատուներին հնարավոր է` տհաճ անակնկալ է սպասում։ Ինչպես գրել է РБК daily-ն, առաջին ինքնաթիռները պետք է անցնեն լուրջ տեխնիկական ստուգում արդեն 2 հազ թռիչքից հետո, այսինքն` շահագործումից մեկ տարի անց։

Ըստ թերթի, «Սուխոյ» ընկերության արտադրած 7-ից 19 սերիական համարներով բոլոր Sukhoi Superjet-100 ինքնաթիռները (դրանք մատակարարվել և մատակարարվելու են «Արմավիային» և «Աէրոֆլոտին») ունենալու են վառելիքային համակարգի և ինքնաթիռի կոնստրուկցիայով թռիչքային պիտանելիության մի շարք սահմանափակումներ։ Ինքնաթիռի տեխնիկական սպասարկման ուղեցույցում բացի պարտադիր ընթացակարգերից, որոնք նախատեսված են բոլոր ինքնաթիռների համար, նշված է . «ինքնաթիռի կոնստրուկցիայի նստատեղերի պարտադիր լրամշակում...» և «փոխարինման ենթակա մասեր»։

Տեխնիկական սպասարկման ուղեցույցի կետերից մեկի համաձայն` 2 հազար թռիչքից հետո ինքնաթիռը պետք է ժամանակավորապես հանվի շահագործումից` ութ կետով լրամշակման համար։ Թերթի աղբյուրներից մեկը նշել է, որ ինքնաթիռաշինության համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս` կոնստրուկցիայի լրամշակումը բերում է ինքնաթիռի ծանրացման կամ էլեմենտների փոխարինման։ Բոլոր ինքնաթիռները դուրս են գալիս լրամշակման ոչ շուտ քան 10 հազար թռիչքից հետո, այնինչ Sukhoi Superjet-100-ը պետք է լրամշակվի 2 հազ. թռիչքից հետո։ «Շահագործումից տասը ամիս անց պետք է փոխվի ինքնաթիռի շասիի հիմնական հենքը։ Խնդիրն այն է, որ շասին մշակվել է 75 տեղանոց ինքնաթիռի համար, իսկ Sukhoi Superjet-100-ը ավելի ծանր է ստացվել»,-ասել է թերթի աղբյուրը։

Նշենք, որ «Արմավիան» «Սուխոյ»-ի առաջին պատվիրատուն էր, ով ստացավ Sukhoi SuperJet-100։ Ապրիլի 19-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մեծ շուքով կազմակերպվել էր առաջին Sukhoi SuperJet-100 ինքնաթիռի դիմավորումը:

«Արմավիա» ընկերությունը Ռուսաստանի խոշորագույն ավիաշինական հոլդինգի՝ «Սուխոյի» հետ 2007թ. համաձայնագիր էր կնքել Sukhoi Superjet-100 երկու ինքնաթիռ ձեռք բերելու շուրջ, որոնք պետք է մատակարարվեին 2009թ. օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին: Հետագայում մատակարարման ժամկետը մի քանի անգամ հետաձգվեց՝ սկզբից տեղափոխվելով 2009թ. վերջը, հետո՝ 2010թ. սկիզբը:

«Արմավիային» վաճառել են տեխնիկական թերություններով ինքնաթիռ