Ոչ աֆրիկյան ծագման մարդիկ նեանդերտալացու սերունդ են. գիտնականներ
Բոլոր ոչ աֆրիկյան ծագման մարդիկ հանդիսանում են նեանդերտալացիների սերունդը: Այդպիսի եզրակացության են եկել գիտնականները՝ ուսումնասիրելով տարբեր երկրների մեծ թվով մարդկանց X-քրոմոսոմները:
Հետազոտությունների արդյունքում հաստատվել է, որ Homo neanderthalensis-ը և Homo sapiens-ը մերձավոր ազգակցական տեսակներ են. դրանք երկուսն էլ ի հայտ են եկել Աֆրիկայում: Համարվում է, որ առաջիններն այդ մայրցամաքը լքել են 400-ից 800 հազար, իսկ H. Sapiens-ի նախնիները՝ 80-ից 50 հազար տարի առաջ: Հետևաբար, ըստ գիտնականների, նեանդերտալացիների վերացումից առաջ մոտ 30 հազար տարի երկու տեսակները գոյատևել են կողք կողքի:
Գիտնականներն ընդհանուր առմամբ ուսումնասիրել են 6092 քրոմոսոմ ու պարզել, որ ժամանակակից ոչ աֆրիկյան ծագման մարդու X-քրոմոսոմում պարունակվում է 9 տոկոս նեանդերտալյան ԴՆԹ, ինչը ապացույց է հանդիսանում այն բանի, որ երկու տեսակի ներկայացուցիչները խաչասերվել են՝ մինչև Աֆրիկան լքելը, հաղորդում է Lenta.ru-ն:










