Google+ Mobile ծառայության ներբեռնումը հասանելի է դարձել iPhone–ի համար
Ամերիկյան Apple ընկերության iPhone սմարթֆոնների համար թողարկվել է Google+ սոցիալական ցանցի պաշտոնական հավելվածը։ Ծրագրի միջոցով կարելի է ավելացնել ընկերներ, կարդալ թարմացումները և շփվել խմբակային չատում։
Այդուհանդերձ, Google+ Mobile–ը ոչ բոլորին է դուր եկել. առաջին օգտատերերը բողոքում են, որ երբեմն նրանց չի հաջողվում «մտնել ներս» (Log in) կամ լուսանկար ներբեռնել, դուր եկած հղումը «կիսել» նույնպես հնարավոր չէ։
Բացի այդ, հավելվածը iOS 5 օպերացիոն համակարգի 3–րդ բետա–տարբերակով չի գործում, իսկ ОС iOS 4 համակարգի օգտատերերի մի մասի մոտ Google–ի բջջային տարբերակի ծառայությունը պարբերաբար «դուրս է թռնում»։
Google+ Mobile–ի մշակման պատասխանատու Պունիտ Սոնին խոստացել է, որ այս սխալները կուղղվեն հաջորդ թարմացման ժամանակ։










