Ամերիկացի դպրոցականները չեն կարողանում քարտեզի վրա ցույց տալ ԱՄՆ-ը
ԱՄՆ միջին դասարանների աշակերտների կեսից ավելին չգիտի իր երկրի աշխարհագրական վայրն ու չի կարողանում այն ցույց տալ քարտեզի վրա: Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ԱՄՆ կրթության նախարարությունը:
Չորրորդ դասարանցի հարցված աշակերտներից միայն կեսն է կարողացել ըստ տարածքի նվազման դասակարգել Հյուսիսային Ամերիկան, ԱՄՆ-ն, Կալիֆորնիան ու Լոս-Անջելեսը:
Փենսիլվանիա նահանգի համալսարանի պրոֆեսոր Ռոջեր Դաունսը հարցման արդյունքները բացատրում է նրանով, որ ժամանակակից դպրոցներում ուսուցիչներն ավելի շատ ժամանակ են հատկացնում մաթեմատիկային ու ընթերցանությանը, իսկ ահա պատմությունը, աշխարհագրությունն ու այլ գիտությունները, որոնց իմացությունը դժվար է ստուգել ստանդարտիզացված թեստավորման միջոցով, մղվել են երկրորդ պլան:










