Google-ը սկսել է վիրուսներ որոնել օգտագործողների համակարգիչներում
Google ընկերությունը հայտարարել է, որ սկսում է սկանավորել օգտագործողների համակարգիչները՝ զգուշացնելով հայտնաբերված վիրուսների ու վնասակար ծրագրերի մասին: Ստանդարտ որոնողական համակարգը կքննի կասկածելի պրոքսի - սերվերների միջոցով գեներացված ինտերնետ-թրաֆիկը: Այս մասին հայտնում է pcnews.am-ը։
Եթե օգտագործողի «բախտը բերել է», և նրա համակարգիչն ուղարկում է կասկածելի ազդանշաններ, ապա անմիջապես որոնող ծրագրի էջում որոնման արդյունքների հետ մեկտեղ կհայտնվի այսպիսի տեղեկություն. «Your computer appears to be infected (Հավանական է, որ Ձեր համակարգիչը վարակված է)»: Բացի այդ, տեղեկացման հետ միասին կտրվեն հակավիրուսային ծրագրերի կայքերի հղումներ՝ դրանք բեռնելու և տեղադրելու համար: Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Google-ի անվտանգության մասնագետները սկսել են պարբերաբար կասկածելի թրաֆիկ նկատել ստուգումների ժամանակ: Ընկերությունը չի հաղորդում, թե կոնկրետ որ վնասակար ծրագրերի մասին է զգուշացվելու, սակայն տրամաբանական է, որ պրոքսի - սերվերից կախում չունեցող վնասակար ծրագրերին այս միջոցը չի խանգարի:










