Գիտնականները հերոինի կախվածության դեմ պատվաստանյութ են ստեղծել

17:00 • 22.07.11

Ամերիկացի գիտնականները ստեղծել և արդեն կենդանիների վրա փորձարկել են մի պատվաստանյութ, որն օրգանիզմի իմունային համակարգին «սովորեցնում է» դադարեցնել հերոինի յուրացումը. արդյունքում օրգանիզմը «խուսափում է» թմրանյութային հարբեցությունից։

Ինչպես գրում է ռուսական 1rre.ru կայքը, սա առաջին արդյունավետ պատվաստանյութն է, որը կարող է մարդկանց օգնել ազատվել հերոինի հանդեպ ունեցած կախվածությունից։

Ավելի վաղ, գիտնականների այդ խումբը ստեղծել էր կոկաինի, մետամֆետամինի և նույնիսկ նիկոտինի դեմ պատվաստանյութ։ Այդ պատվաստանյութերի էությունը կայանում է նրանում, որ իմունային համակարգը «ճանաչում է» թմրանյութի մոլեկուլները և արգելափակում դրանց նյութափոխանակություն՝  այդպիսով կանխելով թմրանյութային հարբեցությունը։

Գիտնականների խումբը երկար է աշխատել հերոինի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար։ Սկզբում նրանց բոլոր փորձերն  անհաջողությամբ են ավարտվել, քանի որ հերոինը շատ արագ կերպով տարրալուծվում է մի քանի նյութերի, որոնցից յուրաքանչյուրը հոգեակտիվ ազդեցություն ունի։

Ի վերջո,սակայն, նրանք հաջողության են հասել.  առնետների վրա կատարված փորձարկումները լավ արդյունք են ցույց տվել։ Հերոինի հանդեպ կախվածությամբ առնետներն այդ պատվաստանյութը ընդունելուց հետո ավելի քիչ են ցանկացել թմրանյութի չափաբաժին ստանալ և «չեն հարբել»։

Գիտնականները նշել են, որ այդ պատվաստանյութի օգտագործումը պետք է զուգակցվի բուժման այլ մեթոդների հետ։

 

Գիտնականները հերոինի կախվածության դեմ պատվաստանյութ են ստեղծել