Ուղեղի կեսը կորցնելուց հետո աղջիկը նկարիչ է դարձել
Սանկտ Պետերբուրգի բնակչուհին, ով ավտովթարի հետևանքով կորցրել է ուղեղի կեսը, ոչ միայն ողջ է մնացել և ապրում է նորմալ կենսակերպով, այլև նոր տաղանդ է բացահայտել իր մոտ. 21-ամյա Տաիսիա Սիդորովան իր հետ տեղի ունեցած դեպքից հետո սկսել է նկարել:
Պատահարը տեղի է ունեցել երեք տարի առաջ. Սիդորովան լուրջ վնասվածք էր ստացել գանգի ձախ հատվածում, ինչի հետևանքով ոսկրային բեկորները մխրճվել էին ուղեղի մեջ: Վիրաբույժները ստիպված են եղել հեռացնել ուղեղի ձախ կիսագունդը, որը պատասխանատու է տրամաբանության, անալիտիկ մտածողության, խոսքի համար:
Հիվանդանոցից դուրս գալուն պես Սիդորովան սկսել է նկարել, ընդ որում մասնագետները հիացած են նրա տաղանդով, հաղորդում է РБК-ն:
Աղջկան բուժող բժիշկները զարմացած են և չեն կարողանում բացատրել տեղի ուեցածը: Նրանք միայն ասում են, որ Սիդորովայի ուղեղի աջ պահպանված կիսագունդն իր վրա է վերցրել ձախի ֆունկցիաները, ինչի շնորհիվ էլ աղջիկը շարունակում է ապրել նորմալ կյանքով:










