Թբիլիսիում բացվեց համակարգիչ արտադրող առաջին գործարանը
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր Թբիլիսիում համակարգիչ արտադրող առաջին գործարանն է բացել։
Սաակաշվիլիի խոսքերով՝ սա 21–րդ դարի նախագիծն է. նոր ուսումնական տարում բոլոր առաջին դասարանցիները որպես նվեր նեթբուքներ կստանան։ Նա ընդգծել է, որ Վրաստանում այլ մտածելակերպ ունեցող սերունդ է մեծանում։
«Ինտել» ընկերության հետ համատեղ ստեղծված համակարգիչները, որտեղ նաև ներառված են խաղեր, մշակված են հատուկ վրացական դպրոցների համար՝ միջազգային փորձագետների առաջարկությունների հիման վրա։
Ներկա պահին գործարանը համակարգիչներ է հավաքում առաջին դասարանցիների համար։ Նախատեսվում է, որ պետությունը աշակերտներին մինչև 60 հազար նեթբուք կնվիրի։ Գործարանում աշխատում է 100 մարդ. հիմնարկությունը տարեկան մինչև 1 մլն համակարգիչ արտադրելու ռեսուրս ունի, գրում է Грузия Online–ը։










