Ճապոնիայում առաջին անգամ վիրուս տարածող անձ է ձերբակալվել

17:34 • 26.07.11

Ճապոնիայի պատմության մեջ առաջին անգամ ձերբակալվել է համակարգչային վիրուս պահող անձը։

Ճապոնական Օգակիից 38–ամյա Յասուհիրո Կավագուչիին կասկածում են իր համակարգչում վիրուս պահելու մեջ, ինչի նպատակը Share ֆայլափոխանակման ծրագրի օգտատերերին պատկանող համակարգիչները վարակելն էր։

Ինչպես հայտնում է Security Lab–ը, վիրուսը հայտնաբերվել է Կավագուչիի համակարգչում, երբ նրա տանը խուզարկություն էր անցկացվում՝ կապված հեղինակային իրավունքին առնչվող օրենքի հետ. տղամարդը հանրային մատչում էր ապահովել ճապոնական կոմիքսների համար։

Գործարկվող վիրուսի անունը մանկական պոռնոգրաֆիայի անվան է նման։ Ֆայլը բացելիս համակարգչում հայտնվում է թարթող պատկերների մի ամբողջ շարք և տեղի է ունենում կամայական հրամանների իրականացում, ինչն անհնարին է դարձնում համակարգիչների աշխատանքը։ Վիրուսի հեռացումը հնարավոր է միայն օպերացիոն համակարգի ճշգրիտ կարգավորման դեպքում։

Կասկածյալը խոստովանել է, որ դեռ 2007–ին է սկսել վիրուսներ գրել և ֆայլափոխանակման ցանցում 10 անգամ թողարկել է դրանք՝ սկսած 2010–ի գարնանից։ Ոստիկանների կարծիքով՝ հենց Կավագուչին է վիրուսի հեղինակը, ինչը սակայն, ապացուցել դեռ չի հաջողվել։ Այդուհանդերձ, 2011–ի հունիսի 17–ին Ճապոնիայում օրենքի ընդունումը, որի համաձայն համակարգչային վիրուսների պահպանումը, ստեղծումն ու տարածումը քրեորեն պատժելի է և մեղավորը դատապարտվում է մինչև 3 տարի ազատազրկման ու պարտավոր է տուգանք վճարել, ճիշտ տեղին ու ժամանակին էր։

Ճապոնիայում առաջին անգամ վիրուս տարածող անձ է ձերբակալվել