Մահացել է կրիոնիկայի «հայրը». նրան նույնպես սառեցրել են

12:53 • 26.07.11

ԱՄՆ–ում 93 տարեկանում վախճանվել է կրիոնիկայի հայեցակարգի հեղինակ Ռոբերտ Էթինգերը, հայտնում է Associated press–ը։

Կրիոնիկան ենթադրում է մարդկանց մահից հետո նրանց մարմինների սառեցում՝ հույսով, որ ապագայում առավել զարգացած բժշկական տեխնոլոգիաների միջոցով կհաջողվի վերականգնել օրգանիզմի բոլոր գործառույթները։

Էթինգերի ստեղծած կրիոնիկայի ինստիտուտը հաղորդագրություն է տարածել գիտնականի մահվան մասին, որտեղ ասվում է, որ նա դեռ շաբաթ օրն է մահացել և անմիջապես ենթարկվել կրիոկոնսերվացիայի (սառեցման)։

Գիտնականն իր գաղափարներն առաջին անգամ շարադրել էր «Անմահության հեռանկարը» գրքում՝ 1962–ին։ Ճանաչման արժանացած աշխատությունից հետո Էթինգերը շարունակել է զարգացնել իր տեսակետները հոդվածներում ու հրապարակային ելույթներում։

Մահացել է կրիոնիկայի «հայրը». նրան նույնպես սառեցրել են