Տարեց հասակում մարդու ուղեղը ենթարկվում է ատրոֆիայի՝ ապաճի
Ուղեղի ծավալի փոքրացումն ու մտավոր ունակությունների նվազումը տարեց հասակում միայն մարդու օրգանիզմի յուրահատկությունն է. նմանատիպ գործընթաց չի նկատվում շիմպանզեների ու այլ պրիմատների մոտ:
ԱՄՆ Վաշինգտոնի համալսարանի գիտնականները ենթադրում են, որ մարդ արարածն այդպիսով է վճարում էվոլյուցիայի ընթացքում ձեռք բերված երկարակեցության համար:
Գիտնականները չափել են 22-ից 80 տարեկան 87 կամավորի, ինչպես նաև 1-ից 51 տարեկան շիմպանզեների ուղեղի ծավալները համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով:
Բացի ուղեղի ընդհանուր ծավալից, գիտնականներին հետաքրքրել է ուղեղի տարբեր հատվածների չափերը: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ մարդուն բնորոշ է ուղեղի տարբեր հատվածների «ծերացման շեմ»: Որոշակի տարիքից սկսած՝ ուղեղի տարբեր հատվածների ծերացման գործընթացն արագանում է, ինչի հետևանքով ուղեղը ենթարկվում է ապաճի՝ ատրոֆիայի:
Տարեց մարդկանց ուղեղի ծավալը միջինը նվազում է 15-20 տոկոսով՝ երիտասարդ տարիքի համեմատ, հաղորդում է Корреспондент-ը:
Իսկ ահա շիմպանզեները պահպանում են իրենց մտավոր ունակությունները մինչև կյանքի վերջ: Գիտնականները նշում են, որ տարեց շիմպանզեների ուղեղի ծավալը նվազում է ընդամենը 1-2 տոկոսով:
Մասնագետները կարծում են, որ նյարդային բջիջների ատրոֆիան կարող է պայմանավորված լինել ժամանակի ընթացքում դրանց միտոքոնդրիումներում «սխալների» կուտակման հետ, ինչի հետևանքով էլ վնասվում է բջջի ԴՆԹ-ն, որն էլ իր հերթին հանգեցնում է մտավոր ունակությունների թուլացմանը:










