LiveJournal-ը կրկին DDoS-հարձակումների թիրախում է
LiveJournal բլոգային հայտնի ծառայության խափանման պատճառը կրկին DDoS-հարձակումն է: Թեև բլոգհոսթինգը հուլիսի 25-ի հարձակումներից հետո վերականգնել է աշխատանքը, որոշ օգտատերեր դեռևս խնդիրներ ունեն:
Ինչպես հայտնում է pcnews.am-ը, հարձակումները շարունակվում են այս պահին ևս, իսկ LiveJournal-ի ինդեքսացումը որոնողականների հետ ժամանակավորապես չի աշխատում: «Կենդանի մատյանի» ռուսական գրասենյակից տեղեկացնում են, որ օգտագործողների բլոգները պաշտպանված են, և տվյալների կորուստ չի գրանցվի: «Հարձակումները տեղի են ունենում ոչ թե հայտնի բլոգների, այլ ծառայության IP հասցեի վրա»,- նշվում է բլոգհոսթինգի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է նաև, որ վճարովի հաշիվների բոլոր օգտագործողներին կտրվի փոխհատուցում, որի մասին կհայտարարվի լրացուցիչ: Այժմ ծառայության մասնագետներն աշխատում են խնդիրների վերացման ուղղությամբ:










