Հարավկորեացի գիտնականները ստեղծել են կլոնավորված լուսարձակող շուն
Հարավկորեացի կենսաբանները ստեղծել են գենետիկորեն մոդիֆիկացված շուն, որը ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ ֆլուորեսցենտային կանաչ ճառագայթում է արձակում: Շան կերակուրի մեջ գիտնականներն ավելացրել են դոքսիցիկլին հակաբիոտիկը:
Տեգոն անունով շունը լույս աշխարհ է եկել նույն տեխնոլոգիայի կիրառմամբ, ինչ աշխարհում կլոնավորված առաջին շունը. մի շան ականջից վերցված բջիջը տեղադրվել է մեկ այլ շան ձվաբջջի մեջ, իսկ վերջինս տեղադրվել է երրորդ շան արգանդում, հաղորդում է Lenta.ru-ն:
Սեուլի համալսարանի գիտնականները նշում են, որ ֆլուորեսցենտային սպիտակուցի սինթեզի համար պատասխանատու գենը, որն ակտիվանում է դոքսիցիկլինի ազդեցությամբ, կարող է փոխակերպվել մեկ այլ գենի, որը կապված կլինի այս կամ այն հիվանդության զարգացման հետ: Գոյություն ունի առնվազն 268 հիվանդություն, որոնք մարդու և շան մոտ նույն կերպ են զարգանում և ընթանում, ուստի գենետիկորեն մոդիֆիկացված շները կարող են օգտագործվել այդ հիվանդությունների բուժման հայտնաբերման համար:










