Google–ում են հայտնվել Ռուսաստանի պետական փաստաթղթերը
Google որոնողական կայքը ինդեքսավորել է Ռուսաստանի պետական մարմինների պաշտոնական կայքերում զետեղված փաստաթղթերը։ Կոնկրետ հարցման դեպքում որոնման ժամանակ կարելի է գտնել DOC և PDF ֆորմատով ծառայողական փաստաթղթերի հարյուրից ավելի հղումներ, որոնց նկատմամբ ազատ մատչում կա։ Մեկ այլ հարցումով կարելի է գտնել «գաղտնի» գրությամբ պետական փաստաթղթեր։
Ինչպես հայտնում է SecurityLab–ը, որոնողական կայքը ինդեքսավորվել է Դաշնային հակամենաշնորհային ծառայության, Դաշնային միգրացիոն ծառայության, ՌԴ նախագահի հատուկ ծրագրերի գլխավոր վարչության, պետգնումների կայքի և այլ պետական մարմինների փաստաթղթերը, որոնք թվագրված են 2002–2011թթ.։
Սա արդեն տեղեկությունների չորրորդ խոշոր արտահոսքն է։ Երեկ Yandex–ում հայտաբերվել էին գնացքների տոմսերի պատվերների տվյալներ, որտեղ նշված են գնացքի համարները, ուղևորների անունները, ուղևորության ժամկետը, իսկ ավելի վաղ հասանելի էին դարձել նաև ավելի քան 80 ինտերնետային խանութների գնորդների տվյալները, գրում է Ведомости-ն։
Коммерсант–ը գրում է այս դեպքերի առնչության քննություն է անցկացնում անվտանգության դաշնային ծառայությունը։ Պարբերականի աղբյուրը հայտնել է, որ քրեական գործ հարուցելու մասին որոշում դեռ չի կայացվել, սակայն այդ դեպքում պատասխանատվության կենթարկվեն գաղտնի տեղեկությունները կայքերում հայտնվելուն նպաստած անձինք։ Yandex-ում հայտնել էին, որ տեղեկություններին ազատ մատչումը աշխատակիցների սխալմունքի հետևանք է։
Google-ի և Yandex–ի դեմ տեղեկությունների արտահոսքի համար դատական հայց է ներկայացնելու նաև Ռուսաստանի սպառողների միությունը։










